Ինչու կարող էր Կարմիր խաչը ջնջել հայ ռազմագերու նամակի որոշ տողեր. կարծիքներ
16:36, June 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները տարբեր գնահատականներ ունեն՝ կապված այն փաստի հետ, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ իր ընտանիքի անդամներին ուղղված երկու նամակներում ջնջված տողեր կան:
Tert.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն օրինակ՝ մեկնաբանելով այս փաստը, որպես իր անձնական կարծիք հայտնեց.«Կարծում եմ, որ այդտեղ միջամտություն կա անձնական կյանքի հարգանքին իրավունքին: Այսինքն՝ եթե անձը իր հարազատներին բան է ուղարկում, էդ նամակի բովանդակությունը պիտի հայտնի լինի միայն երկուսին, եթե չկա դատարանի որոշում, որը թույլ է տալիս անձնական կյանքի ազատությանը միջամտություն: Եթե այդ նամակագրությունը պիտի լինի, այն պիտի լինի անմիջական, և որևէ մեկն իրավունք չունի ինչ-որ բան ջնջել, ոչնչացնել»:
Հիշեցնենք,Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը հայտնել էր, որ հունիսի 13-ին իրենց՝ Հակոբի անունից փոխանցված նամակներում որոշ տողեր ջնջված են եղել և որ նամակներում Հակոբ Ինջիղուլյանը գրում է, թե իր հետ ամեն ինչ կարգին է, իրեն ոչ ոք չի նեղացնում:
Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, նույն հարցի շրջանակներում Tert.am-ին ասաց, որ դա առաջին դեպքը չէ, որ Կարմիր խաչը տեղեկատվություն է ջնջում, ապա ավելացրեց, որ դա նրանց աշխատաոճն է:
«Այն ժամանակ, երբ մեզ թույլ էին տալիս զբաղվել նման հարցերով, հանդիպել ենք նման դեպքերի, ու իրենք բացատրում են դա նրանով, որ ունեն որոշ բաներ, որ իրենք չպետք է գրվեն, դա իրենց աշխատաոճն է … այսինքն՝ իրենք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, որում արգելված բաներ կան, բայց թե ինչ՝ չեմ կարող ասել»,-մեկնաբանեց իրավապաշտպանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ ամբողջովին վստահում է Կարմիր խաչին ու վստահ է, որ Բաքվում այս կազմակերպության ներկայացուցիչները հենց Հակոբի ներկայությամբ են ջնջել այդ տողերը:
Նա մանրամասնեց նաև դրա հնարավոր պատճառների մասին՝ ասելով, որ, նախ, պետք է լիովին հասկանալ Կարմիր խաչի մանդատի էությունը: Որ Կարմիր խաչի գրասենյակները ոչ միայն տվյալ երկրում, այլ ամենուր աշխատում են տվյալ երկրի իշխանության հետ որոշակի համաձայնության շրջանակների հիման վրա:
Քանի որ գոյություն ունի «պետական կամ ռազմական գաղտնիք» հասկացություն, նամակագրությունը կատարվում է գաղտնիության սկզբունքն ապահովելու հիման վրա: «Այսինքն՝ որոշակի պայմաններ կան, որոնց պահպանման դեպքում է, որ հնարավոր է լինում ապահովել Կարմիր խաչի գործունեությունը տվյալ երկրում և իրականացնելու իր մանդատը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ այս պահին կարևորը Ինջիղուլյանի անվտանգությունն է, որը կարող է վերանալ կամ վատթարանալ, եթե որոշակի տեղեկատվական արտահոսքի պատճառով, որը չթույլատրելու վերաբերյալ Ադրբեջանի ու Կարմիր խաչի միջև կա պայմանավորվածություն:
«Եթե Ադրբեջանն ասում է, որ որպես Կարմիր խաչի գրասենյակ իմ տարածքում կարող եք գործել է՛ս, է՛ս , է՛ս պահանջների ապահովման դեպքում, շատ տարօրինակ կլինի, որ դրանք խախտվեն ու կազմակերպություն զրկվի իր մանդատն իրացնելու հնարավորությունից: Այսինքն՝ այս պահին կարևորը Ինջիղուլյանի անվտանգությունն է, և եթե դրան կարող է վնաս հասցնել որոշակի արտահոսքի հետևանքով իր նկատմամբ վերաբերմունքի հնարավոր վատթարացում, փոփոխություն , նշանակում է, որ այդ տեղեկատվությունը չպետք է հրապարակվի»,-ասաց Սաքունցը, ըստ էության, հասկացնելով, որ Կարմիր խաչը իրավունք ունի միջամտելու նամակի բովանադակությանը:
Նա այս համատեքստում ընդգծեց, որ միշտ՝ ինչ-որ մի երկրի տարածքում գերու կամ ռազմագերու հետ Կարմիր խաչը, Ժնևյան կոնվենցիայի պահանջների համաձայն, հանդիպում է նախապես ձեռք բերված երկարատև բանակցությունների շնորհիվ և հանդիպելու ընթացքում էլ գերուն մանրամասն բացատրվում է, թե ինչը կարող է դիտվել գաղտնիքի ոտնահարում:
Այսինքն գերուն, ռազմագերու ի սկզբանե ծանոթացնում են խաղի կանոններին: Հենց դրա համար էլ Արթուր Սաքունցը գրեթե 100 տոկոսով համոզված է, որ այս տողերն առանց Հակոբ Ինջիղուլյանի համաձայնության չեն ջնջվել: «Այսինքն՝ ոչ թե վերցնում նամակը, հետո առանց Հակոբի ջնջում, այլ՝ իր ներկայությամբ են ջնջում»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե այդ տողերը, գուցե, գերությունից ազատվելու տեսանկյունից կարևոր տեղեկություննե՞ր են պարունակել, Արթուր Սաքունցն ասաց, որ վստահում է Կարմիր խաչին ու որևէ հիմք չունի այս կազմակերպության պրոֆեսիոնալության ու անաչառության վրա կասկածելու:
«Տա՛ Աստված, Հակոբ Ինջիղուլյանն ազատվի և ունենանք հնարավորություն իմանալու՝ ի՞նչն է ջնջվել, որի հիման վրա էլ կարող ենք դատողություններ անել՝ արդյո՞ք պատշաճ է եղել այդ գաղտնագրումը»,- ամփոփեց իրավապաշտպանը:
Այդուհանդերձ, նա վստահություն հայտնեց, որ եթե Կարմիր խաչն այդ տողերը ջնջել է, ապա մտահոգություն է ունեցել դրանց «տեղ հասնելու պարագայում» Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի վերաբերյալ:
Ըստ Սաքունցի, ի վերջո, կարևորն այն է , որ նամակագրություն է պահպանվում, որ կա վստահություն, որ Հակոբ Ինջիղուլյանը գոնե այս պահին ողջ է ու արտաքին աշխարհի հետ կապն ապահովվում է:
Աղբյուրը՝ www.tert.am