Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
18:20, October 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանը 2015թ. մայիսի 7-ին՝ 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի «Օպերայի» հարակից մասից ՀՀ Ոստիկանության աշխատակցին վիրավորելու պատճառով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ Գ. Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորվել է անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կիրառվել ֆիզիկական ուժ, որի պատճառով Գ. Առուստամյանն ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Գ. Առուստամյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության արդյունքում, սակայն, վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի ներկայացուցիչ Մ. Սարգսյանը:
Դատարանը կողմերի ինքնությունը, բացարկի, ինքնաբացարկի հիմքերի բացակայությունը ստուգելուց հետո անցավ բողոքի քննությանը:
Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց բազմաթիվ հիմնավորումներ՝ նախաքննությունը թերություններով կատարելու և գործով ձեռք բերված ապացույցներն օբյեկտիվորեն չգնահատելու մասին: Այս առնչությամբ Ա. Սաքունցը փաստարկներ բերեց այն մասին, որ քննիչի կողմից արժանահավատ են համարվել միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, ովքեր, իհարկե, հերքել են Գ. Առուստամյանի նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը: Բացի դրանից՝ վարույթն իրականացնող մարմինը մերժել է տուժող կողմի՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որը հնարավորություն կտար պարզելու Գ. Առուստամյանի մոտ դեպքի հաջորդ օրն ախտորոշված վիճակների պատճառահետևանքային կապը ոստիկանության աշխատակիցների գործողությունների հետ: Ա. Սաքունցը նաև նշեց, որ առերեսում կատարվել է ոստիկանության միայն մեկ աշխատակցի հետ, մինչդեռ Գ. Առուստամյանի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել են նրան ձերբակալող բոլորը ոստիկանները: Ա. Սաքունցը հիմնավորումներ ներկայացրեց նաև այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է նշանակեր հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու, թե Գ. Առուստամյանի մոտ առկա է արդյոք՝ վախի, տագնապի և թերարժեքության զգացում, կոտրված է արդյոք նրա ֆիզիկական ու հոգեբանական կամքը:
Քանի որ նախաքննության ընթացքում նման փորձաքննություն չէր իրականացվել, տուժող կողմն իր նախաձեռնությամբ էր իրականացրել այն, որի արդյունքները ստացվել էին քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացումից հետո: Ա. Սաքունցը նշեց, որ հոգեբանական հետազոտության արդյունքում, որն իրականացվել է՝ հիմնվելով «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու» կոնվենցիայի Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման սկզբունքերի վրա, մասնագետները հետևություն են կատարել, որ Գ. Առուստամյանի հոգեբանական հետազոտության արդյունքների և ենթադրյալ խոշտանգման դեպքերի մասին հաղորդման միջև առկա է համապատասխանության բարձր աստիճան, իսկ հոգեվիճակների դինամիկան համընկնում է ենթադրյալ խոշտանգման դեպքերի ընթացքի հետ, ինչպես նաև գտել են, որ Գ. Առուստամյանը ձեռք է բերել լուրջ հոգեբանական խնդիրներ, որի համար պետք է համապատասխան բուժում անցնի:
Այսպիսով, Ա. Սաքունցը խնդրեց Դատարանին՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Գ. Առուստամյանի իրավունքների և ազատությունների խախտումները և գործն ուղարկել նոր քննության՝ միաժամանակ խնդրելով հնարավորություն տալ՝ ծանոթանալու Դատարան ներկայացված քրեական գործի նախաքննության նյութերին՝ հետագայում դրանց հիման վրա լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու համար: Ներկայացված միջնորդությունը բավարարվեց:
Դատարանն անհրաժեշտ համարեց հետաձգել դատական նիստը՝տուժող կողմին՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու և վարույթն իրականացնող մարմնին ու ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչին՝ հոգեբանական հետազոտության արդյունքներին ծանոթանալու հնարավորություն տալու նպատակով:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին: