Հույս չկա՞, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կբացվի
15:27, February 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ, ՔննարկումներՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են պատրաստել Վիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ ուղարկելու համար, որում իրենց կարծիքն ու մտահոգությունն են հայտնում ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման մասին և փաստում այդ գրասենյակի գործունեության արդյունավետության մասին: Նշենք, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց. «Մենք համարում ենք, որ դա իրոք լուրջ խնդիր է, պետք է արձագանքենք ու նախաձեռնեցինք այս նամակը: Համարում ենք, որ մեր կարծիքը պետք է հասցնենք ԵԱՀԿ ղեկավարներին: Երևանյան գրասենյակը լուրջ աշխատանք է տանում, և համարում ենք, որ դա պետք է շարունակվի»:
Պարոն Գրիգորյանն առանձնացրեց այդ գրասենյակի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև դիտորդական առաքելությունները, ընտրությունների հետ կապված զեկույցները: Այնուհետև ամփոփեց. «Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, շահագրգռված ենք, որ այդ գրասենյակը Հայաստանում շարունակի աշխատել»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հստակեցրեց, թե իրենց մտահոգությունն այն է, որ ավարտվել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի գործունեության ժամկետը և երկարացման վերաբերյալ չկա որևէ հայտարարություն: Անդրադառնալով այն փաստին, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը դեմ է Ադրբեջանը` պարոն Սաքունցը նկատեց. «Ադրբեջանի իշխանությունների այս մոտեցումը դեմ է հենց ԵԱՀԿ-ի սկզբունքներին: Եթե ուզում ես հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ապա դու պետք է ուզենաս նաև, որ քեզ հետ խնդիր ունեցող երկրում լինի ժողովրդավարություն, մարդու իրավունքները լինեն պաշտպանված»:
Արթուր Սաքունցի համար դրական է այն փաստը, որ ՀՀ իշխանությունները կարծում են, թե գրասենյակի կարիքը կա:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, թեև միացել է նախաձեռնությանը, բայց հույս չունի, որ այն օգուտ կտա, քանի որ այսօրվա Ադրբեջանն անխտիր բոլոր ուղղություններով պայքարում է Հայաստանի դեմ. «ԵԱՀԿ գրասենյակներ չկան կայացած ժողովրդավարական երկրներում և այն երկրներում, որոնք բռնապետական են, ինչպես Արդբեջանը: Մենք 25 տարվա պետություն ենք, բայց դեռ այս գրասենյակի կարիքն ունենք: Ադրբեջանի իրականացրածը միայն պատերազմ չէ, այլ հակահայկական հիստերիա: Կուրացած բոլոր ճակատներով պայքարում են Հայաստանի դեմ: Համոզված եմ, որ երկրների մեծ մասը կողմ է ,որ գրասենյակը գործի, և այստեղ միայն Ադրբեջանի հարցն է, թե ինչպես կարելի է համոզել նրան: Սակայն այս առումով իրավիճակն այնքան էլ բարվոք չէ»:
Ավետիք Իշխանյանը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակումից կտուժի ՀՀ-ում անցկացվող ընտրությունների վերահսկողությունը:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով` ՀՀ-ն չի կարող դուրս գալ բոլորի դեմ, այլ պետք է դիրքորոշումը լինի այն, որ համոզի գերտերություններին, որոնց լուման մեծ է ԵԱՀԿ բյուջեում, որ ԵԱՀԿ գրասենյակը հակամարտությունների լուծման հետ կապ չունի, և այս գրասենյակները միայն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների աջակցման հետ կապ ունեն:
Տես նաև՝ magnis.news