Նախաքննությունն ու դատաքննությունը միակողմանի են եղել. տուժող կողմ
10:24, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կարեն ՔյուփելյանԱԱԾ վարչական շենքում քաղաքացի Կարեն Քյուփելյանին բերման ենթարկվածի կարգավիճակում թույլատրելի երեք ժամից շատ ավելի պահելու վերաբերյալ, այն է՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու գործով վաղը կհրապարակվի դատական ակտը:
Իսկ այսօրվա դատական նիստում մեղադրողը միջնորդեց դեպքի դրությամբ ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, գործով միակ ամբաստանյալ Հրանտ Մազմանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, նախատեսված պատժից ազատել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, վերացնել:
Ըստ մեղադրանքի, Հրանտ Մազմանյանը՝ զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը, 2007թ. նոյեմբերի 1-ին ժամը 20-ի սահմաններում քրեական օրենքով արգելված արարք կատարելու կասկածանքով Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման ենթարկելուց և այդ կապակցությամբ համապատասխան արձանագրություն կազմելուց հետո, 3 ժամ անց պարտավոր լինելով նրան անհապաղ ազատ արձակել քաղաքացուն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, մինչև 2007թ. նոյեմբերի 2-ը ժամը 09-ի սահմանները Կարեն Քյուփելյանի կամքին հակառակ նրան ապօրինի պահել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկում և այդ ընթացքում հսկել նրան, որով էական վնաս է պատճառել Կարեն Քյուփելյանի իրավունքներին ու օրինական շահերին: Խախտվել է ազատ տեղաշարժվելու` ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածով ամրագրված նրա իրավունքը:
Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ դատաքննության ընթացքում հաստատվեց, որ վստահորդը ապօրինի՝ երեք ժամից ավելի պահվել է ԱԱԾ շենքում՝ վերադասի հրամանով, և որ քաղաքացին հաջորդ օրվա ժամը 9.00-ից հետո էլ, երբ Հ.Մազմանյանը գնացել է, շարունակել է մնալ ԱԱԾ վարչական շենքում՝ մինչև ժամը 17.00-ի սահմանները: Եվ թեև գործով հաստատված է, որ ապօրինությանը մասնակցել է ոչ միայն Մազմանյանը, այլև ԱԱԾ այլ աշխատակիցներ ևս, սակայն ոչ նախաքննությունն է վեր հանել ողջ իրականությունը, ոչ էլ դատարանն է դրան ուղղված ջանքեր գործադրել: Մասնավորապես, ըստ ներկայացուցչի, առանց որևէ հիմնավորման դատարանը մերժել է միջնորդությունը գործողությունը ղեկավարած Հ.Մազմանյանի անմիջական ղեկավարին՝ Է.Նանյանին դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին:
Ըստ տուժող կողմի, խախտվել են դատարանի արդարության ու անաչառության, կողմերի մրցակցության սկզբունքները:
Տուժողի ներկայացուցիչը միջնորդեց դիմել մեղադրողին նոր քրեական գործ հարուցելու պահանջով, իսկ Հ.Մազմանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ պաշտպանական կողմի, Հ.Մազմանյանը հիշյալ հոդվածի սուբյեկտ չէ, գործով հիմնավորված չէ, որ նա պաշտոնատար անձ է: Հակաառակն, ըստ գործի տվյալների, ամբաստանյալը ղեկավարության կողմից գործողության է ուղարկվել օպերատիվ խմբին աջակցելու համար:
Պաշտպանը միջնորդեց ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալը ևս իր վերջին խոսքում հայտարարեց, որ ինքը պաշտոնատար անձ չի եղել, ինքը հրաման է կատարել և որ բավարար չեն ապացույցները, որոնք կհաստատեին մեղադրանքը: