Գայանե Առուստամյանի գործով դատարանի որոշումը կբողոքարկվի
16:56, March 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2016 թ. մարտի 17-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբերի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը, վարույթն իրականացրած ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանը: Բողոքի քննությանը չէր ներկայացել ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Մ. Սարգսյանը, որը հեռախոսազանգի միջոցով տեղյակ էր պահել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էր բողոքի քննությունը շարունակել իր բացակայությամբ:
Վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանը չառարկեց բողոքի քննությունը դատախազի բացակայությամբ շարունակելու դեմ: Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ պաշտոնատար անձինք սովորաբար, որպես բացատրություն ներկայացնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, չեն ներկայանում դատական նիստերին, ինչն անհարգալից վերաբերմունք համարեց դատարանի հանդեպ, և հարցի լուծումը թողեց Դատարանի հայեցողությանը:
Դատարանը, քննության առնելով բողոքի քննությունը դատախազի բացակայությամբ շարունակելու հարցը, գտավ, որ հնարավոր է դատական նիստն անցկացնել նրա բացակայությամբ, քանզի նախորդ դատական նիստերին դատախազը ներկայացրել է իր դիրքորոշումը և պատշաճ ծանուցված է եղել նշանակված դատական նիստի օրվա ու ժամի մասին:
Շարունակելով դատական նիստը՝ Դատարանը ճշտեց, թե արդյոք կողմերն ունեն լրացուցիչ ապացույցներ դատարան ներկայացնելու համար: Ինչպես բողոքաբերի ներկայացուցիչը, այնպես էլ քննիչը նման ապացույցներ չունեին:
Ա. Սաքունցը պնդեց ներկայացված բողոքը, իսկ վարույթն իրականացրած Ա. Թադրևոսյանն առարկեց բողոքի դեմ՝ նշելով, որ իրականացվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Կարճ ժամանակ անց հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Դատարանի հիշյալ որոշումը կբողոքարկվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Տես նաև՝ hcav.am