Արդար դատաքննություն. Արթուր Սաքունց
10:17, October 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՄարդկության պատմության ընթացքում դատարանի դերում տարբեր մարմիններ են հանդես եկել: Ցեղական առաջնորդները, ավագանիները անհատների և վարքային նորմերի հետ կապված որոշումներ էին կայացնում: Պետական օրգանիզմների ձևավորման ընթացքում դատական իշխանության գործառույթները վերաբաշխվեցին: Միջնադարյան Եվրոպայի դատական մարմինը կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիան էր, որը դատական քննության գործընթացում առաջին անգամ կարևորեց ապացույցների նշանակությունը: Ինստիտուցիոնալ նշանակություն ձեռք բերեց ինքնախոստովանությունը՝ որպես գերագույն ապացույց:
***
Քաղաքակրթության զարգացման ընթացքում ձեռք բերված արժեքները նոր պահանջներ ձևավորեցին դատական համակարգի համար: Իրավասու և ճանաչված լինելուց բացի դատարանը պիտի լինի արդար: Արդար լինելու համար դատարանը պիտի օրինական լինի: Պիտի գործի կողմերի հավասարության սկզբունքը. մեղադրողն ու մեղադրյալը պիտի ունենան հավասար իրավունքներ: Մեղադրյալը պիտի ևս ապացույցների ներկայացման իրավունք ունենա:
***
Դատարանն ապահովում է քաղաքացու՝ արդարության սկզբունքներով քննված լինելու իրավունքը: Պետությունը պիտի անհրաժեշտ պայմաններ ապահովի, որ դատական գործընթացի միավորները անկախ լինեն, և գերիշխի արդարության սկզբունքը: Արդարադատության ապահովման ինստիտուցիոնալ կարևորագույն դեր ունի իշխանության տարանջատման սկզբունքը. օրենքներն ընդունում է օրենսդիր մարմինը, կատարում է կառավարությունը, իսկ օրենքների հետ կապված խնդիրները քննարկում է անկախ դատարանը, որի որոշումները հավասար են բոլորի համար:
***
Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Այդ իրավունքը պիտի ապահովվի պետության կողմից: Դատարանը պիտի անկախ լինի պետության ոտնձգություններից: