Փաստաբան. «Ոստիկանապետի հրամանը իրավաբանական ուժ չունի»
10:28, November 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՎարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, դատավոր Արման Դիլանյանի նախագահությամբ շարունակում էր քննվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ոստիկանության շտաբի:
Դատական նիստի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը եւ ոստիկանության շտաբի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը: Արայիկ Զալյանը իր խոսքում նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ոստիկանության ստորաբաժանումներում, քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, իսկ քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական:
Արթուր Սաքունցը խնդրել էր նաեւ տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների: Սակայն ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մերժել է հարցումը՝ վկայակոչելով «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը, նշել է, որ անձնակազմի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հաստիքների կամ ցուցակի համարվում են գաղտնի:
Արթուր Սաքունցը տեղեկատվության մեկ այլ հարցումով է դիմել Վլադիմիր Գասպարյանին, այն է տրամադրել այդ հրամանի պատճենը, ինչպես նաեւ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի պատճենները, սակայն նա կրկին մերժում է ստացել՝ հրամանի գաղտնազերծված չլինելու պատճառաբանությամբ: Արայիկ Զալյանը հավելեց, որ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը խախտել է օրենքով սահմանված կարգը, մասնավորապես՝ չի նշել մերժման հիմքը եւ բողոքարկման կարգը:
«Իրավաբանական ուժ չունեն այն ակտերը, որոնք չեն հրապարակվել արդարադատության նախարարությունում, այսպիսով՝ ոստիկանապետի հրամանը իրավաբանական ուժ չունի»,- ասաց նա: Արայիկ Զալյանը դատարանից պահանջեց, որպեսզի ոստիկանությանը պարտավորեցնի տրամադրել Արթուր Սաքունցի կողմից հարցվող տեղեկությունը:
Աղբյուրը՝ www.aravot.am