ԴԱՀԿ աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ բողոքը մերժվեց
10:06, December 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դ. Գրիգորյանի, շարունակվեց Անուշ Պողոսյանի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016 թ. օգոստոսի 12-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, իակ վարույթն իրականացրած ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Սաշիկ Ավետիսյանը, ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել, ուստի՝ բողոքի քննությունը շարունակվեց նրա բացակայությամբ:
Դատարանը պարզեց բողոքաբեր կողմի՝ լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու ցանկության առկայությունը: Ա. Պողոսյանի ներկայացուցիչը լրացուցիչ դիրքորոշում հայտնեց նախորդ դատական նիստին դատարանի հնչեցված հարցի վերաբերյալ, միաժամանակ անդրադարձ կատարեց նաև վարույթն իրականացնող մարմնի առարկություններին:
Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, իսկ այնուհետև, հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը:
Սույն որոշմամբ դատարանը փաստել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի ծառայողների գործողությունները պայմանավորված չեն եղել կատարողական գործողությունների իրականացմամբ, իսկ ստուգայցի ընթացքում ինչպես նրանց, այնպես էլ պահանջատեր Արմեն Մկրտչյանի կողմից որևէ մեկի կամքին հակառակ բնակարան ապօրինի մուտք գործելուն ուղղված կոնկրետ կամ որոշակի գործողություններ չեն ձեռնարկվել, բացի դրանից, հիշատակված գործողություններն ինքնին չեն կարող դիտարկվել որպես անձի կամքին հակառակ բնակարան ապօրինի մուտք գործելու փորձ:
Դատարանը գտել է նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողությունները ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր հետևանքներ չեն առաջացրել: