Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննչական մարմնի որոշումը կվերանայվի. դատարանը պարտավորեցրեց վերացնել տուժողի իրավունքների խախտումները
16:28, May 17, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, շարունակելով Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փատաբան Անի Չատինյանի բողոքի քննությունը, հրապարակված որոշմամբ ամբողջությամբ բավարարեց այն:
Դատարանը նախ հետազոտեց ՀՀ Քննչական կոմիտեից ստացված քրեական գործի նյութերը, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և հրապարակված որոշմամբ պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողի իրավունքների և ազատությունների խախտումները:
Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը վերացնելու վերաբերյալ տուժող կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի կողմից մերժվելուց հետո ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել էր, և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության: