Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. 2018թ. ապրիլի 18
18:00, April 18, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԸստ Իրազեկ քաղաքացիների միավորման հաշվարկների՝
Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ – 4․500 մարդ
Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ
Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 1900 մարդ
Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ
Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. – 33․000-35․000 մարդ
Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով
Երևանի ժամանակով 18:00-ի դրությամբ
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված 91 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ազատ են արձակվել 37-ը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ Ելք խմբակցության ներկայացուցիչները, որոնք այսօր այցելել են ոստիկանական բաժիններ:
Ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ բերման ենթարկված 20 անչափահաս կա:
lragir.am-ին Ոստիկանությունից հայտնել են, որ Երևան քաղաքի տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 18-ին բերման է ենթարկվել 84 անձ: 30 անձի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, և նրանք բաց են թողնվել:
54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել է նախաքննական մարմին:
Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ՝ առավոտյան ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց սահմանված ժամանակից ավել պահելու անթույլատրելիության վերաբերյալ և պահանջել էին անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով անազատության մեջ պահվող քաղաքացիներին:
Մասնավորապես նշվել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված 18 քաղաքացիները սահմանված 3 ժամից ավել են պահվում՝ վկայի կարգավիճակում հարցաքննելու պատճառաբանությամբ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էլ Ոստիկանությանը բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանց օրինական հիմքերի՝ մեծ թվով երիտասարդներ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ հիմնականում ուսումնական հաստատությունների տարածքներից և այգիներից, որտեղ մարդկանց կուտակումներ են նկատվել:
Լրատվական կայքերում տեսանյութեր են հրապարակվել նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից մարդկանց առևանգելու փորձեր կատարելու վերաբերյալ:
Երևանի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ
ՀՀ Ոստիկանությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ ժամը 12:00-ի դրությամբ 66 բերման ենթարկված կա ոստիկանության բաժիններում:
Մեր ունեցած տեղեկություններով բերման են ենթարկվել մեծ թվով երիտասարդներ Երևանի տարբեր մասերից, հատկապես ուսումնական հաստատությունների մոտակայքից ու այգիներից, որտեղ ուղղակի մարդկանց կուտակումներ կան:
Բողոքի ակցիաները շարունակվում են Հայաստանի մյուս քաղաքներում ևս: Գյումրիում և Վանաձորում փակ են որոշ ուսումնական հաստատությունների դռներ, սովորողներին թույլ չեն տալիս դուրս գալ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել 2018 թ. ապրիլի 13-ին և 16-ին ցուցարարների՝ ուսումնական հաստատություններ և Հայաստանի հանրային ռադիո մուտք գործելու դեպքերի առթիվ: Նրանք մեղադրվում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք անցկացնելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Նախատեսվում է Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնել ժամը 19:00-ին:
Երևանի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ
Մաշտոցի պողոտայից և Ֆրանսիայի հրապարակից ոստիկանությունը ավտոբուսներով մի խումբ քաղաքացիների բերման ենթարկեց:
Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին վստահեցրին, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն: Բերման ենթարկվածների հստակ թիվ հայտնի չէ:
Ցուցարարները մուտք գործեցին Երևանի պետական համալասարանի տարածք և հորդորեցին դասադուլ հայտարարել:
Դասադուլներ ու բողոքի այլ ակցիաներ են տեղի ունենում ՀՀ այլ քաղաքներում ևս:
ՀՀ Ոստիկանությունը կրկին հայտարարությամբ կոչ է արել հավաքի մասնակիցներին դադարեցնել այն:
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացիներ դեռևս շարունակում են բուժօգնություն ստանալ:
Հիշեցնենք, 46 անձ հոսպիտալացվել էր 2018 թ. ապրիլի 16-ին, երբ ցուցարարները փորձում էին հաղթահարել Երևանի Բաղրամյան պողոտայի լայնքով տեղադրված փշալարերը և առաջ շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք, և Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ
Երեկ՝ 2018 թ. ապրիլի 17-ին, հարահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց գիշերը հանգստանալ և միայն առավոտյան ժամը 10:00-ին սկսել գործողությունները: Գործողությունների պլանը նույնն է. արգելափակել փողոցներ ու շրջափակել պետական կառույցների շենքերը:
Հանրահավաքի ավարտից ժամեր անց Երևանի Մաշտոցի պողոտայում հայտնված մի խումբ անձինք, որոնք հանդես էին գալիս որպես ցուցարարները, սկսեցին ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ կոտրելով փողոցային ցուցանակներն ու լուսացույցերը, հայհոյելով և քարեր նետելով ոստիկանների վրա:
Նրանք ագրեսիվ ձևով փորձում էին խոչընդոտել նաև տարածքում աշխատող լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ պահանջելով չնկարահանել:
Միջադեպից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերոհիշյալ անձինք իրենց շարժման հետ որևէ կապ չունեն, սադրիչներ են, և հորդորեց տարածքում թյուրիմացաբար հայտնված այլ քաղաքացիների հեռանալ այնտեղից:
Ապրիլի 17-ի ժամը 14:00-ի դրությամբ, a1plus.am-ի փոխանցմամբ, Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված անձանց թիվը հասել է 80-ի: