Լիա Միսակյանի գործով շարունակվում է փորձագետների հարցաքննությունը
14:19, June 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. հունիսի17-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, որի ընթացքում շարունակվեց փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Սույն դատական նիստն անցկացվեց տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայությամբ՝ վերջինիս արտերկրում գտնվելու պատճառով:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանն իր պաշտպանյալի փոխարեն մի քանի հարց ուղղեց փորձագետին: Գ. Հովհաննիսյանը նշեց, որ փորձագետ Գ. Հարությունյանը պնդել է, որ լեյկոցիտների պակասի դեպքում պետք է կատարվեր արյան փոխներարկում, սակայն, չնայած դա չի կատարվել երրորդ օրվա բժշկուհու՝ Իրինա Մամյանի կողմից, այնուամենայնիվ փորձագիտական եզրակացությամբ նրա գործողությունները ճիշտ են գնահատվել և խնդրեց փորձագետին պարզաբանում տալ: Գ. Հարությունյանը հայտնեց, որ երրորդ օրվա բժշկուհու գործողությունները հիմնականում ուշացած են եղել, չնայած կատարված գործողությունները եղել են անհրաժեշտ, սակայն դրանք պետք է շուտ արվեին՝ ժամանակին: Պաշտպանը հարցի տեսքով հետևություն կատարեց այն մասին, թե ստացվում է, որ երրորդ օրվա բժշկուհու գործողությունները չէին կարող պատճառական կապի մեջ գտնվել Լիա Միսակյանի մահվան հետ, սակայն դատավորը հանեց հնչեցված հարցը, գտնելով, որ այն դուրս է առաջադրված մեղադրանքի ծավալից: Պաշտպան Գ. Հովհաննիսյանն առարկեց, նշելով, որ իր հարցը վերաբերում է ոչ թե մեղադրանքի ծավալին, այլ փորձագիտական եզրակացության հիմնավորվածությանը: Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը ևս առարկեց դատարանի գործողությունների դեմ, հայտնելով, որ դրանք խախտում են պաշտպանության իրավունքը, և իրենց մոտ տպավորություն է ստեղծվել, որ դատարանն ամեն դեպքում որպես արդեն իսկ հաստատված ապացույց է ընդունում փորձագիտական եզրակացությունը: Նախագահող դատավոր Լ. Ավետիսյանը չընդունեց առարկությունը, նշելով, որ փորձագիտական եզրակացությունն իր համար գործում առկա ապացույցներից մեկն է, որը դեռևս պետք է գնահատվի մյուս ապացույցների հետ միասին:
Պաշտպանը փորձեց պարզել, թե արդյոք ըստ փորձագետի գոյություն ունի պատճառահետևանքային կապ կատարված գործողությունների և առաջացած հետևանքի միջև: Ի պատասխան փորձագետը դրական պատասխան տվեց, հավելելով, որ պատճառահետևանքային կապ առկա է արված ու չարված գործողությունների ամբողջությամբ: Փորձագետի հարցաքննության ընթացքում դատարանը բազմիցս դիտողություն կատարեց Գ. Հովհաննիսյանին դատարանում դրսևորած վարքագծի՝ բարձր տոնով խոսելու, փորագետի պատասխաններին անհարկի միջամտելու վերաբերյալ, որից հետո քննարկեց վերջինիս նկատմամբ դատավարական սանկցիա կիրառելու հարցը: Այնուամենայնիվ դատարանը բավարարվեց դիտողություն տալով՝ առաջարկելով պաշտան Գ. Հովհաննիսյանին ներողություն խնդրել: Վերջինս, սակայն, անհրաժեշտ չհամարեց ներողություն խնդրել, գտնելով, որ իր կողմից կարգը չի խախտվել:
Սույն դատական նիստի ընթցաքում սկսվեց գործով դատակոչված փորձագետ, «Ս. Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բաժնի վարիչ Աննա Չոբանյանի հարցաքննությունը: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը հարցաքննության ընթացքում անդրադառնալ նաև իր կողմից փորձագետներին ներկայացված տեսաձայնագրություններին: Մեղադրող Դ. Կարապետյանը հրապարակեց փորձագիտական եզրակացության հետևությունների մասը: Ըստ փորձագետների՝ դրված ախտորոշումը համապատասխանել է կատարված հետազոտություններին և բուժման ծավալին: Լիա Միսակյանի արյան նմուշի անալիզի արդյունքները հայտնի են դարձել հունվարի 2-ին, որից հետո հերթապահ բժշկուհի Իրինա Մամյանը նշանակել է լրացուցիչ քննություն: Ըստ փորձագիտական եզրակացության՝ հիվանդության պատմագիրը լիրաժեք լրացված չի եղել, իսկ սուրճի գույնի փսխոցից հետո չի կատարվել կուագուլոգրամմա: Ըստ փորձագետների՝ կատարվել են հետազոտություններ, տարբեր մասնագետների կոնսուլտացիաներ, որոնց արդյունքներով նշանակվել է համապատասխան բուժում: Փորձագիտական եզրակացությամբ փորձագետները հանգել էին հետևության, որ երեխայի վիճակի մշտական մոնիթորինգ իրականացնելու և հնարավոր բարդությունների դեպքում անհապաղ վերակենդանացման միջոցառումներ կատարելու համար ցանկալի էր երեխային տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Այնուամենայնիվ, փորձագետները հանգել էին հետևության, որ հնարավոր չէ որոշել պատճառական կապ հիշյալ թերությունների և Լիա Միսակյանի մահվան միջև:
Մեղադրող Դ. Կարապետյանը փորձագիտական եզրակացության հրապարակումից հետո սկսեց փորձագետ Ա. Չոբանյանի հարցաքննությունը: Փորձագետը նշեց, որ մասնակցել է փորձաքննության ամբողջ ընթացքին, իսկ Գեորգի Միսակյանը ներկայացրել է տեսաձայնագրություն, որտեղ երևում է, որ երեխայի մոտ առկա է դժվարաշնչություն: Այնուհետև փորձագետը սկսեց բացատրել հիվանդության առաջացման պատճառները և դրսևորումները՝ իր խոսքում արդրադառնալով այնպիսի հանգամանքների, որոնք տեղ չէին գտել փորձագիտական եզրակացության մեջ: Դատախազը հետաքրքրվեց, թե ինչու է փորձագենն անդրադառնում արյան փոխներարկմանը՝ պլազմային, երբ փորձագիտական եզրակացությամբ այդ մասին որևէ նշում չկա: Փորձագետը հարցը, որ իրենք այդ հարցը քննարկել են: Մեղադրողը հարցրեց, թե բացի տեսաձայնագրությունից որևէ փաստաթուղթ եղել է շնչառության վերաբերյալ: Ա. Չոբանյանը պատասխանեց, որ պատմագրում գրված է եղել 32-37 շնչառական ակտ, ինչը 38,4 ջերմության դեպքում շատ արագ չի համարվում: Մեղադրողի հարցին ի պատասխան Ա. Չոբանյանը նշեց, որ իրենք չեն կատարել Լիա Միսակյանի շնչառական ակտի հաշվարկ՝ ըստ տեսաձայնագրության:
Պաշտպան Գ. Հովհաննիսյանն առաջարկեց փորձագետին տրամադրել փորձագիտական եզրակացությունը և նյութերը, ինչպես նաև տեսաձայնագրությունը, որպեսզի վերջինս կարողանա վերհիշել դեպքի մանրամասները՝ հետագայում թյուրիմածություններից խուսափելու համար: Մեղադրողը խնդրեց դատարանին տուժողի շահերը պաշտպանելու նպատակով փորձագետի հարցաքննության ընթացքում քննության առարկա դարձնել նաև տեսաձայնագրությունը: Գործով ամբաստանյալների պաշտպաններն առարկեցին, նշելով, որ տեսաձայանգրությունը որպես ապացույց դատարանում օգտագործելու համար նախ այն պետք է հետազոտվի: Մեղադրողը նշեց, որ տեսաձայնագրությունն օգտագործվել է փորձաքննության ընթացքում և դա հնարավորություն կտա հստակ հետևություն կատարել երեխայի շնչառության հաճախության մասին: Ի պատասխան Գ. Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ մեղադրողը հերոսի կեցվածքով ցանկանում է բարձրանալ տուժողի աչքին և ցույց տալ ԶԼՄ ներկայացուցիչներին, որ պաշտպանում է տուժողի շահերը: Դատախազը հայտնեց, որ տուժողի շահերի պաշտպանությունն իր պարտականությունն է, իսկ տեսաձայնագրությունը փորձագետին տրամադրելու հարցն ի սկզբանե բարձրացրել էր պաշտան Գ. Հովհաննիսյանը: Դատարանը, անդադառնալով տեսաձայանագրության հարցին, նշեց, որ այն չի կարող տվյալ փուլում հետազոտվել և քննարկվել:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձագետը դատարան ներկայացել էր առանց փորձագիտական եզրակացության և դրա կայացման համար հիմք հանդիսացած նյութերի, հետաձգեց դատական նիստը և նշանակեց 2014 թ. հուլիս 2-ին, ժամը 11:00-ին, որի ընթացքում կշարունակվի Ա. Չոբանյանի և մյուս փորձագետների հարցաքննությունը:
Այլ աղբյուրները այս մասին` www.pastinfo.am, 168.am, 168.am, m.news.am