«Մեր քաղաքացուն որպես աշխատող մղում են ստրկական կախվածության դաշտ»
11:34, September 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Աշխատանքային իրավունքներ«Սա երևի թե այն բնագավառն է, որտեղ ամենաշատն ենք հարմարված: Հարմարվել ենք այն խաղի կանոններին, որոնք ձևավորվել են շատ երկար տարիներ: Աշխատողի իրավունքի պաշտպանվածությունը աշխատանքային հարաբերությունների ժամանակ էական նշանակություն է ունենում նրա՝ որպես քաղաքացու այլ բնագավառներում դրսևորման վրա», այսօր Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինասնավորմամբ իրականացրած «Աշխատանքի իրավունքների երաշխիքները մարդու իրավունքների պաշտպանության համատեսքստում» զեկույցի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Քանի որ մարդու աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն, ըստ բանախոսի, մարդը կենսական միջոցների հայթայթման տեսակետից իրավական պաշտպանվածություն չունի և իրապես ֆեոդալական կախվածության մեջ է գործատուից, որը կարող է լինել և պետությունը, և մասնավոր սեկտորը: Մասնավորն էլ ֆեոդալական կախվածության մեջ է գտնվում պետությունից:
Նրա խոսքով՝ այդ կախվածությունը և աշխատանքային իրավունքների անպաշտպանվածությունը խոչընդոտում է մյուս հիմնարար իրավունքների իրականացմանը:
Նա ասածը հիմնավորել է օրինակով: Ըստ Սաքունցի՝ ոստիկանության բաժին բերած մարդը ենթարկվում է բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, և երբ ուզում ես իրավունքի պաշտպանության ուղղությամբ աշխատել, ապա նրա նկատմամբ ճնշում են գործադրում այն մարմինները, որոնք սպառնում են, որ եթե դու բողոքես ապօրինի գործողությունների վերաբերյալ, ապա կարող ես զրկվել աշխատանքից:
«Մեր քաղաքացուն որպես աշխատող մղում են ստրկական կախվածության դաշտ, թե պետական մարմիններում, թե մասնավորում», ասել է Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Պարտադիր կուտակայինի դեպքում էլ մեկ-երկու ուսուցիչ դեմ արտահայտվեց, մինչդեռ մյուսները լռեցին՝ աշխատանքի կորստի վախն ունենալով:
Աղբյուրը՝ www.lragir.am