Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ
11:50, September 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի պատրաստի տարբերակը կներկայացվի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին, ապա մինչև հոկտեմբերի վերջ՝ նաև Սերժ Սարգսյանին:
Newsline-ը Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներից փորձել է պարզել, թե ինչպիսի դիրքորոշում ունեն վերջիններս այս փոփոխությունների վերաբերյալ:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ ժամանակը ցույց կտա՝ այս նախաձեռնությունը բարեփոխո՞ւմ է, թե՞ ոչ:
«Իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանն այս փոփոխությունները նախաձեռնել է մի կողմից հանրությանը խաղալիք և զբաղմունք տալու, իսկ մյուս կողմից, եթե հաջողվի, իր վարչախմբի երկարակեցությունն ապահովելու համար: Համարում եմ որ Սերժ Սարգսյանն ու իր կլանը ժողովրդի ընտրած իշխանությունը չեն, նրանք զավթել են իշխանությունը, իսկ որևէ զավթիչ իրավունք չունի Սահմանադրության հետ խաղալու, որքան էլ այն թերություններ ունենա ու անհաջող լինի»,- ասաց Բարսեղյանն ու հիշեցրեց, որ 2005-ին այսպիսի մի նախաձեռնություն իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը, որի հետևանքով կեղծիքներով ընդունվեցին փոփոխությունները Սահմանադրությունում:
Նա կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին մասնակցող բոլոր անձինք կդառնան Սերժ Սարգսյանի ռեժիմի սպասարկողները, եթե անգամ նրանք ունեն լավագույն նպատակները:
«Սա իշխանությունների «տրոյական ձին» է, ներս են հրել և հիմա դրա գույնն են քննարկում, բոյը, քաշը»,- ասաց Բարսեղյանը և հավելեց, որ հանրությանն այդ փոփոխությունները հետաքրքիր չեն:
«Բավարար էր այն, որ Սահմանադրության՝ արդեն եղած նորմերը պահպանվեին և իշխանությունը պատկաներ ժողովրդին: Բայց ընտրությունից ընտրություն իշխանությունը ժողովրդից խլում են, ուստի ի՞նչ տարբերություն, թե Սահմանադրության մեջ ինչ է գրված, եթե ամեն անգամ ռեժիմը թքելու է այդ մեջը գրվածի վրա և ոտնահարելու Սահմանադրությունը»,- նկատեց Բարսեղյանը և վստահաբար ասաց, որ իշխանութունը որևէ կերպ չի կարող ապացուցել, որ այդ փոփոխությունների հանրային պահանջարկ կա:
«Այսօր կա արդար ընտրության, արդար ու թափանցիկ կառավարման, հանրության միջոցները չուտելու, մոնոպոլիաները վերացնելու, մարդու իրավունքները հարգելու հանրային պահանջ: Դրանք չի հարգում, մարդն իր խելքով որոշել է, որ Հայաստանը սահմանադրական փոփոխությունների կարիք ունի, ինչպես ինքն իր խելքով որոշել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալու Մաքսային միությանը»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Այն, որ սահմանադրական որոշ կարգավորումներ փոփոխման կարիք ունեն, միանշանակ է, բայց դրանք այնպիսի հարցեր են, որոնց մասին ասվել է ինչպես 2005-ի, այնպես էլ՝ առաջին Սահմանադրութան ընդունման ժամանակ, սակայն դրանք չեն ընդունվել»:
Նա, որպես փոփոխման կարիք ունեցող հարց, օրինակ բերեց Արդարադատության խորհրդի հետ կապված հարցերը:
«Օրինակ՝ որպեսզի իշխանության ինքնակառավարումն ու ինքնակարգավորումը լինի ամբողջական, ճիշտ կլինի, որ Արդարադատության խորհրդի կազմը ձևավորվի միայն ու միայն դատական իշխանության ներկայացուցիչներով, և Արդարադատության խորհրդն ունենա բոլոր լիազորությունները՝դատավորների նշանակման առումով կամ ճիշտ կլինի, որ ընտրությունների կազմակերպման մարմինը՝ տվյալ դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական մարմին համարվի, այլ ոչ թե առաջնորդվի ընտրական օրենսգրքով, որը պարբերաբար փոփոխվում է, իսկ մենք, ինչպես գիտենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին դրույթ Սահմանադրության մեջ չունենք»,- ասաց Սաքունցն ու անդրադարձավ հանգամանքների, որոնք խոչընդոտում են սահմանադրական բարփոխումների իրականացմանը Հայաստանում:
Նա նշեց, որ սահմանադրության փոփոխությունների չափ կարևոր գործ նախաձեռնելու համար նախ նախաձեռնողը պիտի վստահություն ունենա հանրության շրջանում և վստահաբար հայտնեց, որ այդ կարևորագույն պայմանն այսօր իշխանությունը չունի:
«Եթե դիտարկում ենք ինչպես այսօրվա, այնպես էլ՝ 2005-ի Ռոբերտ Քոչարյանի իշխանության բնույթը, ապա գտնում ենք, որ իրենք որևէ բարոյական իրավունք չունեն Սահմանադրության մեջ փոփոխություններ նախաձեռնելու, որովհետև նրանք այսօր գործող Սահմանադրության բոլոր դրույթները կոպտորեն խախտել են»,- ասաց Սաքունցն ու հավելեց, որ կարևոր է նաև, թե ինչ իրավիճակում է գտնվում ներկա պահին Հայատանը:
Նա նշեց, որ Հանրապետական կուսակցության դե ֆակտո մոնոպոլ վիճակը կարող է լուրջ խոչընդոտ լինել, որպեսզի կատարվեն սահմանարդական այնպիսի բարեփոխումներ, որոնք իսկապես կնպաստեն Սահմանադրության՝ ավելի լավը դառնալուն:
«Հանրապետական կուսակցությունը մոնոպոլ դիրք ունի ոչ միայն Ազգային ժողովում՝ ձայների առումով, այլ նաև ֆինանսական և մարդկային առումով: Մարդկային ռեսուրսները պետական բյուջեից աշխատավարձ ստացող անձինք են, քրեական օլիգարխներ, որոնք մանդատներ ունեն Ազգային ժողովում: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսներին, ապա դրանց ծագումը խիստ կասկածելի է, և չես հասկանում, թե որտեղ են ավարտվում պետական միջոցները և որտեղ սկսվում Հանարապետական կուսակության միջոցները»,- ասաց Սաքունցն ու կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով կառավարման խորհրդարանական համակարգին անցումը նախաձեռնելը Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետական կուսակցության մենիշխանության ամրագրումն է՝ սահմանադրական մակարդակով:
«Այդ դեպքում պառլամենտական կառավարման դե ֆակտո մենիշխան դիրքը ստանում է սահմանադրական ուժ»,- ասաց Սաքունցը:
«Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանադրական բարեփոխումների համար առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորված հանրային պահանջ և կարծիք հայտնեց, որ այդպիսի պահանջ Հայաստանում այս պահին ձևավորված չէ:
«Որքան էլ կատարյալ չլինի գործող Սահմանադրությունն, այն դեռ չի սպառել իր իրավական ռեսուրսը և կարող է նպաստել Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման, այդ թվում՝ պետական համակարգի կատարելագործման առումով»,- ասաց Նավասարդյանն ու նշեց, որ երբ սահմանադրական բարեփոխում իրականացնելու պահը գա, միայն այդ ժամանակ հստակ կդառնա, թե ինչպիսի հանրային պահանջ կա, որն է այդ փոփոխությունների թիրախը:
Նավասարդյանը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկար նաև նախորդ՝ 2005-ի փոփոխությունների ժամանակ:
«Մոտավորապես նույն իրավիճակն էր նաև 2005-ին, երբ ընդունված Սահմանադրությունն իրեն չէր սպառել, սակայն փոփոխություններ արվեցին դրանում»,- հիշեց Նավասարդյանը և կարծիք հայտնեց, որ բնական է, որ այսօր քաղաքական ընդդիմադիր ուժերը սահմանադրական փոփոխությունների ետևում թաքնված այլ նպատակներ են տեսնում:
«Նույնիսկ եթե սահմանադրական բարեփոխումների իրական նպատակն իշխանության վերարտադրությունը չէ, առանց հանրային պահանջմունքի դրանց իրականացումը տալիս է այդպիսի կասկածների առիթ: Ես համոզմունք չունեմ, որ այդ փոփոխությունները կոնկրետ քաղաքական խմբի համար են նպաստավոր, հատկապես եթե հաշվի առնենք, որ քաղաքական ընդդիմադիր ուժերից ոմանք մեկ տարի առաջ կողմ էին բարեփոխումներին»,- ասաց Նավասարդյանը և նշեց, որ երբ սահմանադրական բարեփոխումների՝ ակնհայտորեն ձևավորված հանրային պահանջմունք չի լինում, այն դառնում է ներքին քաղաքական կյանքի ընթացիկ մի զարգացում, որի դեպքում, բնական է, որ ընդդիմությունը փորձում է բացասական կողմեր գտնել իշխանությունների նախաձեռնած ցանկացած քայլում և քննադատել այն:
Աղբյուրը՝ newsline.am