Ռուսաստանի արյունոտ բիզնեսի հետեւանքները. «Հայկական կողմի պատասխանը կարող է կոնխորոշել համակարտության հետագա ընթացքը»
10:20, November 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կյանքի իրավունքՀայկական կողմը թշնամու գնդակից խոցված ուղղաթի հարցով պետք է առաջին հերթին աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հարցը ներկայացնելով բավական խիստ ձևով:
Այս կարծիքին է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նշում է, որ այս դեպքում գործ ունենք հրապարակային պատժիչ գործողության հետ, երբ թշնամին թույլ չի տալիս, որ հայկական կողմը մոտենա ուղղաթիռի վթարի տեղանքին:
«Ըստ էության թույլ չեն տալիս մոտենալ մարդկանց, որոնց գտնվելու հավանական վայրը հայտնի է, գոնե սկզբի ժամանակ օգնություն ցույց տալու, իսկ եթե արդեն օգնություն ցույց տալու հնարավորություն չկա, առնվազն գոնե մարմինները վերցնելու համար: Սա միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը լարվածության տակ է պահում այն տեղանքը, որտեղ ընկել է խոցված ուղղաթիռը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցված ուղղաթիռին դեռևս հնարավոր չէ մոտենալ: Երեք հոգանոց անձնակազմով ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ:
«Ինքնին այդ փաստը, որ հնարավորություն չի ստեղծվում մոտենալ վիրավոր կամ մահացած մարդկանց, դա անգամ պետերազմական դաժան ժամանակահատվածում չի եղել: Հումանիտար գործընթացները պատերազմական գործողությունների հետ զուրգահեռ ընթացել է անգամ պատերազմի ժամանակ, այդ պատճառով պետք է այս հարցը լուրջ դրվի»,- ասում է Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ այս դեպքում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման հետ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ուզած թե չուզած պետք է այս հարցին ուշադրություն դարձնի, որովհետև նման վերաբերմունքը չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, որի հիմքում ընկած է նաև նման դեպքերում միջազգային մարդասիրական սկզբունքներով ղեկավարվելը: Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, այս հարցում անելիք ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, թեև այդ կառույցի մանդատը մի փոքր այլ է:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այն հայտարարությունը, թե պատրաստվում է ադրբեջանական կողմից մոտենալ ուղղաթիռի վթարի վայրին, Սաքունցի խոսքով, մի փոքր տեղաշարժ է: «Այս միջադեպի պատճառներից վերանալով հանդերձ, մենք պետք է առանձին խնդիր դիտարկենք մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման հարցը: Բազմիցս ասել ենք, որ խնդրի քաղաքական կարգավորումից պետք է առանձնացված դիտարկել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները, որոնք վերաբերում են թե ռազմագերիներին, թե անհետ կորածներին, թե փախստականներին, թե վիրավորներին, որը տվյալ դեպքում հրապարակայնորեն կոպիտ և ցինիկ կերպով խախտվում է»,- նշում է Արթուր Սաքունցը:
Այս հարցում, նրա խոսքով, պատասխանատվությունը հայկական դիվանագիտության վրա է՝ ի դեմս Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պետք է տարբեր կառույցներում այդ ուղղությամբ աշխատանք կատարի:
«Ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ հայկական դիվանագիտական ինստիտուտն այնքան անողնաշար է, իր գործելակերպով և վարած արտաքին քաղաքականությամբ այնքան է հեղինակազրկված, որ չունի համապատասխան ռեսուրսներ՝ որևէ իրական ազդեցություն ունենալու նույնիսկ ամենաճշմարիտ և հիմնավոր խնդրի պայմաններում: Չունի այդ պոտենցիալը, իմիջը»,- նշում է նա՝ հավելելով, որ ուղղաթիռի օդաչուները որոշ իմաստով նաև դարձել են հայկակա դիվանագիտության վարած երկարաժամկետ անշնորհք քաղաքականության զոհը:
Այդ դիվանագիտությունը, նրա խոսքով, որևէ կերպ չի սպասարկում ՀՀ քաղաքացիների շահերը ոչ մի ոլորտում:
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը նկատում է, որ զարմանալի և ցավալի էր, որ որևէ երկրի կամ կազմակերպության կողմից հնարավոր զոհերի կամ գերիների վերաբերյալ հատուկ պահանջ չհնչեց:
«Միջազգային հանրությունն այդ պահանջը ըստ էության չհնչեցրեց: Սա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը թույլ է աշխատում»,- «Մեդիալաբին»ասում է Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքով,տվյալ դեպքում հայկական դիվանագիտությունը մի քանի հրատապ քայլեր պետք է աներ: Առաջինը, ԵԱՀԿ Մինսկի խմբից պետք էր պահանջել հատուկ կարծիք այդ դեպքի վերաբերյալ, երկրորդը, բարեկամ պետություններից, օրինակ, Մինսկի խմբի համանախագահ երկրներից հատուկ մոտեցումներ պետք է լինեին:
«Այսինքն,այնտեղ, որտեղ ուժեղ էր մեր դիվանագիտությունը, այնտեղից պետք է լիներ կոնկերտ դիվանագիտական արձագանք: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մինչև հիմա անգամ դիվանագիտական արձագանք չկա, էլ չեմ ասում, որ ռազմական գործողությունները չեն կարողանում այն հաջողությամբ տանել, որ ուղղաթիռի անձնակազմի դիակները դուրս հանեն»,- նշեց նա:
Քաղաքագետը նկատում է, որ այսօր Հայաստանի դիվանագիտությամբ սկսել են զբաղվել զինվորականները, հետևաբար անհասկանալի է, թե ինչով է զբաղված Արտաքին գործերի նախարարությունը:
Հայկական կողմը հայտարարել է թշնամուն խիստ պատասխան տալու մասին: Աղասի Ենոքյանի խոսքով՝ հայկական կողմի պատասխան գործողությունը կարող է կոնխորոշել կամ որոշել համակարտության հետագա ընթացքը:
«Եթե լինի ավելի ուժեղ պատասխան, այդ դեպքում կլինի կոնֆիկտի սրում: Ես կարծում եմ, որ նույնիսկ համարժեք պատասխանի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի, թե ինչ մակարդակի պատասխան կարելի է տալ»,- ասում է քաղաքագետը:
Անադրադառնալով այն հարցին, որ ռուսական զենքով է խփվել հայկական ուղղաթիռը, Աղասի Ենոքյանը նշեց.
«Ռուսաստանի խղճին թողնենք դա, որ անունը դնում է բիզնես: Իր բարեկամ ու դաշնակից երկրի դեմ նրա թշնամուն զինելն այդ երկիրը բիզնես է համարում»,-
«Մեդիալաբին» ասում է նա:
Արթուր Սաքունցն «ուղեղից թշվառներ» է անվանում այն անձնաց, ովքեր հայ-ադրբեջանական պատերազմի հրահրման պատճառները տեսնում են ամեն տեղ, բացի Ռուսաստանից:
«Որոշ մարդիկ իբր թե հանդես են գալիս Հայաստանի և նրա քաղաքացիների շահերը պաշտպանողի դերում եվրոպական կառույցներում, բայց չեն համարձակվում անգամ ծպտուն հանել պուտինյան գործոնի և թշնամական վերաբերմունքի մասին: Ես ապշում եմ, թե ոնց կարող են մարդիկ այդ աստիճան ստրկամիտ լինել և փորձել անընդհատ ծառայել Կրեմլի շահերին»,- ասում է իրավապաշտպանը:
Ըստ Սաքունցի, ակնհայտ է, որ ռուսական զենքով է խփվել հայկական ուղղաթիռը, բայց դրա մեջ ոմանք հանցագործություն չեն տեսնում:
Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ երբ ադրբեջանցին կացնահարեց հայ սպային, շատ հեշտ էր էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելը: Բայց այս դեպքում, երբ ռուսական զենքով, որը վաճառվում է Ադրբեջանին ու դա համարում են բիզնես, խփվում է հայկական ուղղաթիռը, մարդիկ լռում են:
Այդ բիզնեսի հետևանքները, Սաքունցի խոսքով, այսօրվա զոհերն են, իսկ ոմանք չեն համարձակվում գնահատական տալ, որ դա հանցավոր բիզնես է:
«Վախենում են նման գնահատականներից, դա խոսում է ստրկամտության, անողնաշար լինելու մասին: Ըստ էության Կրեմլի այդ խոսնակները հրաժարվում են Հայաստանի քաղաքական գործիչ լինելու կարգավիճակից»,- ասում է Սաքունցը:
Աղբյուրը՝ medialab.am