Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստում արդյունավետ քննության համար անհրաժեշտ պայմաններ ապահովված չէին
21:14, December 18, 2015 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2015թ. դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցկացրեց իր առաջին արտագնա դատական նիստը ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով: Արտագնա առաջին դատական նիստը տեղի ունեցավ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող փոքր դահլիճում, որը պատշաճ աշխատանքային պայմաններ չէր ապահովում դատավարության մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև դատավարությանը մասնակցել ցանկացող քաղաքացիների համար:
Գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեկուսացված էր ապակեպատ վանդակում և պահվում էր ձեռնաշղթաներով, զրկված էր իր պաշտպանների հետ հաղորդակցման հնարավորությունից, իսկ դատարանի կողմից տրվող հարցերին Պերմյակովի պատասխանները լսելի չէին դատավարության մասնակիցներին, ինչպես նաև դահլիճում գտնվող մյուս անձանց համար:
Արտագնա դատական նիստի դահլիճ հասնելու համար դեպի ռազմաբազա տանող ճանապարհը գտնվում էր ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո, թույլ չէր տրվում փաստաբաններին և տուժողների իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին ավտոմեքենաներով մոտենալ ռազմաբազայի անմիջական հարակից տարածքին, որը խոչընդոտ հանդիսացավ տուժողի իրավահաջորդներից ոմանց համար դատական նիստին ժամանակին ներկայանալուն:
Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո, առանց որևէ իրավական հիմնավորման, մերժեց ռետինե մահակներով զինված ռուսական բազայի 2 զինծառայողներին դատական դահլիճից հեռացնելու վերաբերյալ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը:
Վ. Պերմյակովի պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվեց ևս մեկ հանրային պաշտպան, ում տրամադրվեց մեկամսյա ժամկետ գործի նյութերին ծանոթանալու համար:
Միաժամանակ, դատարանը թույլ չտվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին՝ ներկայացնել դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը: