«Ո՞նց կարող էր ոստիկանն ալկոհոլի հոտ զգար, եթե քաղաքացիներից հեռու էր». Սարի թաղի բնակչի պաշտպան (Տեսանյութ)
11:17, July 19, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Մի քանի օր բնակիչները չեն ունեցել լույս, գազ, տրանսպորտ…պատկերացրեք, որ այդ ժամանակ ջերմաստիճանը 35-40 աստիճան էր: Տղամարդիկ դուրս են եկել փողոց եւ դժգոհություն հայտնել ճանապարհը փակած ոստիկաններին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը: Ի դեպ, դրա հաջորդ օրը քաղաքապետարանը Սարի թաղին տրանսպորտով ապահովեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սարի թաղի գործով» ամբաստանյալներից Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան, [ՀՔԱ Վանաձորի գրասենյակի] փաստաբան Արայիկ Զալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախման ժամանակ վերջիններիս հանդեպ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող երեք ամբաստանյալների գործով հերթական դատական նիստն էր:
Խնդրեցինք մեկնաբանել նիստի ժամանակ վկա ոստիկանի ցուցմունքում հնչած պնդումը, թե քաղաքացիներն ալկոհոլ օգտագործած են եղել: Փաստաբանը նկատեց՝ ըստ ոստիկանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է պատի տակ՝ քաղաքացիներից բավականին հեռավորության վրա. «Ո՞նց կարող էր ոստիկանն ալկոհոլի հոտ զգար: Եթե զգար էլ, դա կզգար ոստիկանության աշխատակիցներից, որոնք իր մոտ էին գտնվում»: