Այն, ինչ արգելվում է կրոնական կազմակերպություններին, խրախուսվում և թույլատրվում է Հայ Առաքելական եկեղեցուն
17:04, January 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԳաղտնիք չէ, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօրվա իրականության մեջ բախվում են խտրական և որոշ դեպքերում նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հասարակության տարբեր շերտերի կողմից: Այս դեպքերում բացառություն չեն նաև Եհովայի վկաները:
«ՀՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը» գրանցվել է 2004 թվականին:
48-ամյա Գևորգ Ա.-ն ապրում է Վանաձորում: Արդեն 22 տարի է նա ընդգրկված է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպությունում և այդ տարիների ընթացքում հանդիպել է խտրականության բազմաթիվ դրսևորումների: Բացահայտ կողմնակալ վերաբերմունքի Գևորգը արժանացել է կյանքի տարբեր ոլորտներում: Խտրականության դրսևորումներն ուղեկցում են նրան և նրա ընտանիքի անդամներին ամենուր:
Դեռևս 15 տարի առաջ Գևորգն աշխատանքի որոնումների ընթացքում տեղեկանալով, որ հանրակրթական դպրոցներից մեկում տնտեսվարի թափուր հաստիք կա, դիմեց այնտեղ աշխատելու համար: «Սկզբում ամեն ինչ թվում էր, թե նորմալ է, և տնօրենը հակված է ինձ աշխատանքի ընդունելու, – ասում է Գևորգը և հավելում, – սակայն վերաբերմունքը կտրուկ փոխվեց այն բանի հետո, երբ տնօրենն իմացավ, որ ես Եհովայի վկա եմ: Արդեն չեմ էլ հիշում ես էի ասել նրան այդ մասին, թե ինքն էր իմացել, բայց տնօրենն իմ առջև պայման դրեց»:
Իսկ տնօրենի պայմանը հետևյալն էր՝ Գևորգը պետք է դպրոցի աշխատակիցների հետ չխոսեր և նույնիսկ չակնարկեր իր համոզմունքների մասին ոչ միայն դպրոցի տարածքում, այլև դրանից դուրս:
«Ես ինքս կողմ չեմ աշխատավայրում աշխատանքից բացի այլ գործով զբաղվելուն և գործից շեղվելուն, – հանգիստ պատմում է Գևորգը, – իսկ ահա թե ինչով ես կզբաղվեմ առօրյայում, աշխատանքից դուրս, միայն իմ որոշումն է և ոչ ոք չի կարող ինձ ստիպել այլ կերպ վարվել: Որպես քրիստոնյա մարդ ես չեմ կարող չքարոզել», – խոստովանում է Գևորգը:
Տնօրենին իր դիրքորոշումը ներկայացնելուց հետո վերջինս հրաժարվեց Գևորգին աշխատանքի ընդունել դպրոցում՝ ամենակոպիտ կերպով խախտելով խղճի և կրոնական դավանանքի ազատության, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքը, չնայած որ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։ Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Գևորգի հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումները, սակայն, այսքանով չավարտվեցին: Տարիներ անց, ներկայումս, նրա երեխաները կրկին բախվում են անհավասար վերաբերմունքի և կրկին կրթական ոլորտում՝ դպրոցում՝ ուսուցիչների կողմից:
Ինչպես հայտնի է այսօր հանրակրթական դպրոցներում դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, չնայած այն հանգամանքին, որ մարդու իրավունքների տեսանկյունից դա արդեն իսկ կրոնական դավանանքի ազատության իրավունքի խախտում է: ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածով սահմանված է՝«Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից»: Իսկ սա նշանակում է, որ տվյալ առարկան չպետք է ուսուցանվի դպրոցում, քանի որ պետությունը պետք է լինի աշխարհիկ և քարզչություն չպետք է արվի դպրոցում:
Հակառակ դեպքում կարող ենք բախվել այնպիսի խնդիրների, որոնց բախվել են Գևորգի 9 ամյա դուստրը և 11 ամյա որդին, որոնք սովորում են հանրակրթական դպրոցում: «Մի օր Հայ եկեղեցու պատմության դասին հրավիրվել էր քահանա, որը դասաժամին իրականացնում էր քարոզչություն», – ասում է Գևորգը: Փաստորեն, չքարոզելու պայմանը, որով Գևորգին տարիներ առաջ հրաժարվեցին աշխատանքի ընդունել դպրոցում, այսօր չի դրվում Հայ Առաքելական Եկեղեցու առջև: Այս պարագայում Գևորգը, հիմնավորելով դպրոցի կողմից իր, որպես իր ընտրությամբ կրոն դավանող քաղաքացու համար անընդունելի հանդիսացող նմանատիպ քայլը, բողոքել է դպրոցի տնօրինությանը, ասելով, որ իրավաբանի միջամտությամբ կլուծի հարցը, եթե չդադարեցվի քարոզչությունը դասաժամին: «Արդյունքում, իրավաբան կանչելու կարիք չեղավ, քանի որ ես ասացի, որ նման դեպքում ես ստիպված կլինեմ խնդրել ազատել երեխայիս տվյալ դասից: Միջադեպքից հետո մինչ այժմ նմանատիպ դեպք դեռևս չի եղել», – ասում է Գևորգը:
Եվս մեկ նմանատիպ դեպք տեղի է ունեցել վերջերս: Անգլերեն լեզվի դասին ուսուցիչը հանձնարարել էր բոլոր աշակերտներին գրել «Նամակ Ձմեռ պապին»: Քաջ գիտակցելով, թե ինչպիսին է Եհովայի վկաների վերաբերմունքը Նոր տարվա տոնակատարությանը (Եհովայի վկաները չեն տոնում Նոր տարին), նա Գևորգի դստերը նույնպես պահանջել է կատարել առաջադրանքը: Երեխան ուսուցչին հայտնել է, որ չի կարող գրել նամակ, քանի որ «գիտի, որ իրականում Ձմեռ պապ չկա», ինչին ի պատասխան հնչել է ուսուցչի կտրուկ պատասխանը. «Եթե չգրես, ապա «երկու» կստանաս»: Վերջում շատ կոպիտ կերպով դասարանի առջև վիրավորելով երեխային ու նրա ծնողներին, ուսուցիչն ասել է. «Ծնողները փչացնում են ձեր հոգեբանությունը: Դու ծնողներիդ (ասինքն Գևորգին) մի լսիր, դու ինձ լսիր»:
Փաստորեն երեխաները ենթարկվում են հոգեբանական ճնշումների իրենց ընկերների ներկայությամբ միայն այն բանի համար, որ ունեն հանրության մեջ մեծամասնությունից տարբերվող համոզմունքներ, որը սակայն նրանց ազատ ընտրության իրավունքն է: (Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: ՀՀ սահմանադրություն, Հոդված 8.1)
Իսկ ահա հարցին, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը ձեր հանդեպ, երբ փողոցում անցորդներին եք ներկայացնում և առաջարկում ձեր գրականությունը, Գևորգը պատասխանեց, որ մարդիկ մեծամասամբ հանգիստ են վերաբերում: «Բայց մի քանի դեպք է եղել, երբ որոշ քաղաքացիներ մոտեցել են մեզ, վիրավորել ու վեճ է բռնկվել, – ասում է Գևորգը: – Այսպես, մի անգամ մի խումբ անձինք մոտեցան մեզ և գրքույկներ խնդրեցին: Իհարկե հասկանալի էր, թե ովքեր էին նրանք և ինչ նպատակով էին ուզում վերցնել այդչափ մեծ քանակությամբ գրականությունը, և մենք հրաժարվեցինք տրամադրել նրանց մեր գրականությունը, – պատմում է Գևորգը և հավելում, – դրանից հետո մի քահանա մոտեցավ և հարցրեց, թե ինչու չենք տրամադրում գրքույկներ, չէ որ դա անվճար է: Ես ասացի, որ մենք ենք որոշում, թե ում կարող ենք տրամադրել մեր գրականությունը, իսկ ձեզ չենք կարող տալ, քանի որ գիտենք ինչ նպատակի համար եք այն օգտագործելու: Քահանան շրջվեց և այդտեղ հավաքված մի խումբ անձանց հրահանգեց՝ այդ դեպքում յուրաքանչյուրդ առանձին մեկական օրինակ կվերցնեք և կբերեք ինձ կտաք եկեղեցում»:
Պարզ է դառնում, որ Հայ Առաքելական Եկեղեցին նման կերպ փորձում է խոչընդոտել քարոզչության ազատ ընթացքին՝ Եհովայի վկաների կողմից բաժանվող գրականությունը հանրության աչքից հեռու պահելու համար:
Հեղինակ՝ Նազելի Մովսեսյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ)
Հոդվածը պատրաստվել է «Անհանդուրժողականություն և խտրականության արգելք» ծրագրի շրջանակներում
«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուրը՝ armhels.com