Նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը. իրավապաշտպանը` Փանիկ գյուղի միջադեպի մասին
10:37, July 19, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՌուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Փանիկ գյուղի վարչական տարածքում, ինչը վախեցրել է Փանիկի և հարակից գյուղերի բնակիչներին: Ռազմաբազայի ստորաբաժանումների ներխուժումն առանց զգուշացման էր: Անգամ մանկահասակ երեխա է ուշագնաց եղել:
Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը պետք է ռազմաբազայից բացատրություն պահանջի: Սաքունցի խոսքով` անհրաժեշտ է նաև ծառայողական հետաքննություն, որ մեղավորները, հատկապես` հրամանատարության մակարդակով, կրեն իրենց պատիժը: «Հանրությունը պետք է իմանա` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հետագայում նման` մեղմ ասած` արտառոց միջադեպեր չգրանցվեն: Հիմնական խնդիրը, սակայն, այն է որ ՀՀ ՊՆ-ն ուժեղ վերահսկողություն սահմանի ռազմաբազայի և սահմանապահ ուժերի նկատմամբ: Շատ կարևոր է նաև ֆինանսական աուդիտը, որ հնարավոր լինի պարզել` որքանո՞վ են արդյունավետ օգտագործվում ՀՀ բյուջեից բազային տրամադրվող միջոցները: Կարծում եմ` սա չի արվում»,-նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նոր իշխանությունների վճռականությանը և նախորդների հետ համեմատականներին` պարոն Սաքունցն ասաց. «Նախորդների համեմատ` նոր իշխանությունները լեգիտիմ են, բայց չի փոխվել Ռուսաստանի իշխանությունների բնույթը: Նրանք սովոր են գործ ունենալ հպատակ իշխանության հետ»: Արթուր Սաքունցը շեշտում է` կուզենար, որ այս միջադեպը լիներ պատահականություն, ոչ թե սադրանք: Սադրանքն, ըստ իրավապաշտպանի, բնորոշ է ՌԴ-ին, քանի որ նա սովոր է իր` պայմանական ասած`գործընկերների հետ շփվելիս չմոռանալ ռազմական գործոնի մասին: «Ռուսաստանը սովոր չէ իրենից թույլ պետությունների հետ գործընկերություն անել: Հաշվի առնելով այս ամենը և այն, որ նոր կառավարությունը որդեգրել է ՌԴ-ի հետ հավասարության սկզբունքով գործընկերության քաղաքականությունը, դրանից բխում է, որ մեր կառավարությունը պետք է բավարարի վերևում իմ նշած պայմանները»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:
Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` պետք էր ամենաբարձր մակարդակով Ռուսաստանից պահանջել, որ նման գործողությունները Հայաստանի հետ համաձայնեցված լինեն: «Բազայի մոտ պետք է կոնկրետ միջոցառումներ անեն: Այսինք` պետք է լինի հայկական Ռազմական ոստիկանության հերթափոխ, որը կպահանջի նման զորավարժությունների օրինականության ու համաձայնեցվածության ապացույցներ»,-նշեց քաղաքագետը: Պարոն Ենոքյանը համաձայն չէ մեր դիտարկմանը, թե նախկին իշխանությունները պակաս վճռական կլինեին ռուս գործընկերներին բողոքի նոտա հղելիս: Ըստ նրա` թեպետ նոր իշխանությունների քաղաքականության մեջ փոփոխություն չկա, բայց Ռուսաստանը ստիպում է լինել ավելի նվիրված: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նախորդ իշխանությունները կարողացան որոշակի պայմանավորվածություններ հաստատել հայկական վարորդական իրավունքների հետ կապված, այս իշխանությունները` ոչ: Հավելենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։