«Գոմեշի մսի գործով հիմնական պատասխանատու անձը Սերժ Սարգսյանն էր, ում գիտությամբ գործը կոծկեցին». Ա. Սաքունցը՝ դատավճռի մասին
11:11, September 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվել է «Գոմեշի մսի» գործով դատաքննությունն ու հրապարակվել է դատավճիռը: Ըստ այդմ դատարանը որոշել է Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես պատիժ նշանակել պայմանական ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում տավարի ոսկրոտ մսի փոխարեն մատակարարվել էր գոմեշի սառեցված միս: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է` ՀՀ ՊՆ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Կայացված դատավճռի վերաբերյալ մեզ հետ զրույցում իր դիրքորոշումը հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու խայտառակություն որակեց այն. «Խայտառակություն է, դա արդարադատություն չի, օրը ցերեկով զբաղվում են խաբեությամբ եւ աչքակապությամբ, ես միանշանակ պնդում եմ, որ Ալբերտ Օհանջանյանը հարկադրված է եղել գնալ հաշտման, որովհետեւ խոսքը վերաբերել է այնպիսի մարդկանց հետ գործարքին, որոնք ունեն մեծ պաշտոններ եւ որոնք ըստ էության զերծ են քրեական պատասխանատվությունից, եւ դա կոչվում է ուղղակի պարտադրված գործարք, որի արդյունքում որպես քավության նոխազի դերում հանդես է գալիս Ալբերտ Օհանջանյանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա շարունակում է պնդել, որ այս գործում մեղավորները ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն են, ովքեր որ պետք է հայտնվեին մեղադրյալի աթոռին, քանի որ Արթուր Սաքունցի համոզմամբ ամեն բան տեղի է ունեցել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների իմացությամբ ու մասնակցությամբ: «Բայց անմիջական պատասխանատու անձը համարվում է հենց նույն Սերժ Սարգսյանը, որը չնայած հայտնի իր հրապարակային ելույթից հետո գործից ազատեց գլխավոր շտաբի պետի տեղակալին, բայց ըստ էության հերթական անգամ քավության նոխազի դերում հանդես եկավ միայն քաղաքացին»:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը նախաքննության ընթացքում չարաշահումների մասին խոսելիս հնչեցրել էր նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի անունը, այս անունը, սակայն, քրեական գործում չի հայտնվել: Վերջինիս 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատեցին՝ առանց որևէ դրդապատճառ նշելու: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը գտնում է, որ գործն ուղղակի կոծկվել է. «Հանցագործությունը կոծկել են, եւ Ալբերտ Օհանջանյանը չէր կարող միակողմանի նման մոտ 127 միլիոն, ըստ գործի նյութերի, այդքան վնաս տալ ՊՆ-ին, չէր կարող միակողմանի եւ ինքնագլուխ նման բան անել, այսինքն այդ գործողության կատարման անմիջական հովանավորողները եւ որոշում կայացնողները պատասխանատվությունից դուրս են մնացել, քրեական պատասխանատվությունը կոծկվել է:
Գործարքի իմաստն այն է, որ դու ձայն չես հանում, ամբողջ մեղքը ընկնում է քո վրա, մեղմ պատիժ է տրվում, եւ դու հայտնվում ես ազատության մեջ: Առավել քան համոզված եմ, որ Ալբերտ Օհանջանյանը կշարունակի իր գործունեությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով. «Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանն օգտագործում է ե՛ւ դատարանը, ե՛ւ իրավապահ մարմիններն ըստ իր հայեցողության, որ որոշի՝ ում նկատմամբ ինչպես վարվի: Առանց հիմքերի որոշ գործերում ամենախիստ պատիժներ են սահմանում, իսկ տվյալ դեպքում հիմքերի բավարար պարագայում նախաքննությունը չի իրականացվում, արդարադատություն չի իրականացվում, այսինքն Սերժ Սարգսյանն է որոշում՝ ում նկատմամբ քրեական գործ հարուցվի, պատժվի կամ չպատժվի, արդարացվի կամ չարդարացվի: Սա պարզապես կամայականություն է»,- եզրափակեց նա:
Աղբյուրը՝ galatv.am