Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչները ստիպված լքել են Ադրբեջանի տարածքը. Սաքունց
10:56, September 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրեր առաջ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ)` Ադրբեջանում սպանված հայ գերի Կարեն Պետրոսյանի մարմնի հայրենադարձման կապակցությամբ:
Araratnews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ներկայացուցիչներն օրեր առաջ այցելել են Ադրբեջան, սակայն իշխանությունների առաջացրած խոչընդոտների պատճառով` ստիպված են եղել դադարեցնել առաքելությունը և լքել Ադրբեջանի տարածքը:
«Սա արդեն միջազգային պարտավորման չկատարման մասին է խոսում: Վերադառնալուց հետո կոմիտեն պետք է իր զեկույցում ամրագրի այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտել են իրենց առաքելության իրականացմանը: Թե կանդրադառնա, թե չի անդրադառնա, դա չեմ կարող ասել: Ըստ էության` ես կարող եմ ենթադրել, որ չի կարողացել իր առաքելությունն իրականացնել: Նրանք պետք է հանդիպումներ ունենային, այցելություններ, բայց այդ ամենը չեն կարողացել իրականացնել: Իսկ զեկույցում նշվելու դեպքում Ադրբեջանը պարտավորված կլինի պատասխանատվության ենթարկվել կոնվենցիայի դրույթի խախտման համար»,- ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ araratnews.am