Պաշտպանը պնդում է՝ գողության մեջ մեղադրվող երիտասարդներից բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունք կորզել. գործը դատարանում է (Տեսանյութ)
12:46, October 19, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՏ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են այս տարվա հուլիսին և պահվում են Վանաձոր ՔԿՀ-ում: Մեղադրանքի հիմքում նրանց ինքնախոստովանական ցուցմունքներն են, որոնք հետո մեղադրյալները հերքել են:
Ավելի ուշ՝ 2017 թ. հուլիսի 31-ին, քրեական գործում որպես պաշտպան ներգրավվել է փաստաբան Կարինե Գասպարյանը, երբ Զ. Նասլյանն ու Տ. Գրիգորյանը իրենց պաշտպանությունն իրականացնելու հարցով դիմել են նրան և հայտնել, որ ինքնախոստովանական ցուցմունքները տվել են Սպիտակի ոստիկանության աշխատակիցների ճնշման ներքո: Մեղադրյալների փոխանցմամբ՝ ոստիկանությունում իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական բռնություն և հոգեբանական ճնշում:
Մինչ այդ՝ բերման է ենթարկվել և ոստիկանության բաժնում 2 օր՝ համապատասխանաբար 4 ժամ և 3 ժամ պահվել է Զ. Նասլյանի եղբայրը, որպեսզի Զ. Նասլյանը ներկայանա ոստիկանություն: Երկրորդ օրը Զ. Նասլյանի եղբորը բաց են թողել նրա և Տ. Գրիգորյանի՝ ոստիկանություն ներկայանալուց հետո միայն: Ավելին՝ չնայած նրան, որ նրանք ոստիկանություն կամովին են ներկայացել, ոստիկանությունում կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն, իսկ ձերբակալման մասին որոշում կայացրել են նրանց անօրինական ձևով ոստիկանությունում ավելի քան 8 ժամ պահելուց հետո միայն:
Պաշտպան Կ. Գասպարյանը նշում է, որ իր պաշտպանյալների մեղքը հիմնավորող որևէ ապացույց քրեական գործում չկա, և մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: Այդ հիմքով Տ. Գրիգորյանի և Զ. Նասլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու հարցով պաշտպանը մի քանի անգամ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, սակայն մարզի դատախազությունից պնդել են, որ «մեղադրանքի կողմը նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատել է բավարար, ուստի քրեական գործն ուղարկվել է դատարան»:
Մեղադրյալ Զ. Նասլյանը նաև բացարկ է հայտնել քննիչ Ա. Եղիազարյանին՝ սակայն բացարկը ևս մերժվել է: Ուշագրավ է Լոռու մարզի դատախազության դատախազ Ա. Մուքոյանի մեկնաբանությունը. «Եթե իրականում Զ. Նասլյանի նկատմամբ գործադրված լիներ ճնշում, կամ քննիչի կողմից հարկադրանք, ապա նա կաշկանդված չէր և այդ մասին դատարանում միջնորդության քննարկման ժամանակ կամ «Վանաձոր» ՔԿ հիմնարկում նրան տեղափոխելու և այնուհետև պահելու ընթացքում կարող էր ազատ և անկաշկանդ հայտնել ՔԿՀ-ի աշխատակիցներին»:
Ընդ որում՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանին տրվել է ընդամենը 1 օր ժամանակ՝ 2017 թ. սեպտեմբերի 24-ը, որը կիրակի է, այն դեպքում, երբ վերջինս, հաշվի առնելով քրեական գործի ծավալը, խնդրել էր տրամադրել 3 աշխատանքային օր:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2017 թ. սեպտեմբերի 26-ին: Պաշտպան Կ. Գասպարյանը մտահոգություն է հայտնում, որ գործում հապճեպություն է դրսևորվել:
2017 թ. հոկտեմբերի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում պաշտպանական կողմը բացարկ հայտնեց նաև գործը հսկող դատախազ Ա. Մուքոյանին, սակայն դատավոր Լ. Աբգարյանը մերժեց բացարկի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև նոյեմբերի 20-ը: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով պաշտպանական կողմը չհասցրեց դատարան ներկայացնել ամբաստանյալների կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ միջնորդությունը: Նրանք կալանքի տակ կմնան ևս մեկ ամիս:
Մանրամասները՝ տեսանյութում