Հիշելով Հրանտ Դինքին, դատապարտելով ատելությունը եւ պահանջելով արդարություն
16:03, January 20, 2017 | Համատեղ, ՀայտարարություններՀունվարի 19-ին լրացավ պոլսահայ լրագրող, մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարին:
Հրանտ Դինքի սպանությունը խտրականության հիմքով հերթական մի ոճրագործություն էր:
Հրանտ Դինքը Թուրքիայում ազատության, ազգերի երկխոսության, խաղաղության և արդարության համար պայքարող այն անհատներից էր, ով իր կարճատև կյանքի և գործունեության ընթացքում հասցրեց հսկայական ներդրում ունենալ Թուրքիայում պատմությանը առերեսվելու, պատմական խնդիրները հաղթահարելու նպատակով երկխոսություն ծավալելու, Թուրքիան որպես ժողովրդավարական պետություն կայացնելու ուղղությամբ։
Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող այն մտավորականներից, ով միշտ իր մտահոգություններն էր հայտնում էթնիկ պատկանելության հիմքով լարված հարաբերությունների վերաբերյալ։
Իր լրագրողական և հասարակական գործունեությունը Հրանտ Դինքը նվիրեց սեփական մտքերն ազատորեն արտահայտելու անձի իրավունքի պաշտպանությանը, ատելության և կարծրատիպերի հաղթահարմանը, որ մարդկանց խանգարում են շփվել և հասկանալ միմյանց:
Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում՝ Հրանտ Դինքը միշտ բարձրաձայնում էր Թուրքիայում խոսքի ազատության, մարդու իրավունքների՝ մասնավորապես փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ հարցերը։ Նա Թուրքիայի ազգությամբ թուրք և հայ քաղաքացիների միջև խաղաղ երկխոսության ձևավորման ջատագովն էր։
Հրանտ Դինքին սպանեցին 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում` «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան մոտ: Համաձայն պաշտոնական վարկածի` մարդասպանը 17-ամյա Օղյուն Սամասթն էր, ում ձերբակալեցին և ով ընդունեց իր մեղքը հունվարի 21-ին: Սակայն մինչ այժմ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակում են նոր բացահայտումները, ձերբակալվում են ոստիկանության աշխատակիցներ և ընթանում են դատավարություններ։
Հրանտ Դինքը փոխեց Թուրքիան. նրա մահվան հաջորդ օրը Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, անկախ իրենց ազգությունից, մոմերով, ծաղիկներով ու Դինքի լուսանկարներով շարժվեցին կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչև սպանության վայրը՝ ձեռքներին պահած «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառները:
Հիշելով Հրանտ Դինքին՝ մենք դատապարտում ենք խտրականության, ռասիզմի և ատելության հիմքով ցանկացած հանցագործություն:
Կոալիցիայի մասին՝
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։
Կայքէջ՝ www.havasar.am
Կոալիցիայի անդամներ՝
«Ագաթ» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
Վահան Բուրնազյան
Անահիտ Չիլինգարյան