«Այս քրեական գործերի նախաձեռնումը քաղաքական հետապնդման նպատակներ ունի». Սաքունց
09:59, February 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎարդան Օսկանյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումն այս փուլում կապված է Օսկանյանի քաղաքական գործունեության հետ, նույն համատեքստում կարելի է դիտարկել նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ հնարավոր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունները: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Միանշանակ է, որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան, և այս քրեական գործերի նախաձեռնումը քաղաքական հետապնդման նպատակներ ունի: Ունենալով իրենց բովանդակությամբ քրեական տարրեր՝ այնուամենայնիվ դրանք քաղաքական նպատակներ են հետապնդում», ասաց Սաքունցը:
Նա հիշեցնում է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ մեկ անգամ նման քրեական հետապնդման փորձ արվել էր՝ Սիվիլիթաս հիմնադրամի հետ կապված: Դա այն փուլում էր, երբ խոսք էր գնում, որ հնարավոր է Օսկանյանն առաջադրվեր նախագահական ընտրություններում: Քրեական հետապնդումների այդ գործիքը, Սաքունցի խոսքով, իշխանությունները պարբերաբար կիրառում են որոշակի անձանց նկատմամբ, որոնք հայտ են ներկայացնում ակտիվ քաղաքականություն մտնելու կամ այնպիսի գործողություններ իրականացնելու, որոնք կարող են անհանգստացնել իշխանություններին:
Նա հիշեցրեց, որ նախկինում էլ նման նախադեպեր եղել են, իշխանությունների կողմից հետապնդվել էր գործարար Խաչատուր Սուքիասյանը, երբ 2008 թվականին ակնհայտ և հրապարակային աջակցություն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նույնը եղավ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, երբ նա որոշակի ակտիվություն էր դրսևորում: Իշխանություններն անհանգստացած էին և խոսում էին օդում կախված լուրերի ու Ծառուկյանի կողմից հարկային պարտավորությունների չկատարման մասին: Բայց երբ Գագիկ Ծառուկյանը «խելոքացավ», ըստ իրավապաշտպանի, իշխանություններն այդ ստուգումների արդյունքներում հայտնեցին, որ իբր ամեն ինչ նորմալ է:
«Ցավոք սրտի, Հայաստանի կոռուպցիոն համակարգն ամեն մի անձի, որն ունի բիզնես կարողություններ կամ բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել, բոլորին փչացնում է, կամ բոլորն ունենում են կոռուպցիոն սխեմաների մեջ մասնակցութուն և խոցելի են: Եվ այդ առումով իշխանությունն օգտագործում է այդ դոսյեներ կոչեցյալը, որոնք որպես դամոկլյան սուր է կիրառում նրանց կողմից ցանկացած ակտիվության վրա, եթե այդ ակտիվության մեջ տեսնում են որոշակի վտանգներ», նշեց նա:
Ըստ Սաքունցի՝ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է, և այդ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող կոռուպցիան իշխանությունն օգտագործում է սեփական իշխանությունն անձեռմխելի դարձնելու, իր անվտանգության համար:
«Այսինքն՝ իշխանությունն ինքն իր ամբողջ էությամբ արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը: Այս իրավիճակը միաժամանակ ցույց է տալիս, որ քաղաքական հայտ ներկայացնողներն իրենք խոցելի են և ունեն խոցելի կողմեր, որը պետք է հաշվի առնեն իրենց ակտիվությունը սկսելուց առաջ: Եվ այստեղ կարևոր մի հարց կա, որն ուղղված է ակտիվության հայտ ներկայացրածներին՝ իրեք պատրաստ են արդյոք այդ կոռուպցիոն սխեմաները բացահայտելու, թե՞ ճնշման ազդեցության ներքո իրենց սեփական գոյությունը պահպանելու կամ սպառնալիքներից չտուժելու մտահոգությունից ելնելով՝ պետք է վերստին տեղափոխվեն պասիվ դաշտ և հրաժարվեն իրենց ակտիվությունից: Սա դիլեմա է, պետք է իրենք ընտրություն կատարեն», հավելեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ սա նաև ցույց կտա, թե արդյոք այդ անձինք պատրա՞ստ են ամեն գնով իրապես գնալու այնպիսի ճանապարհով, որպեսզի փոխվի այս կոռումպացված իշխանությունը: