Շեղ կրակոց թիրախին կամ կոռուպցիոն գործիք՝ ընդդեմ կալանավորների
14:30, February 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՆոր զենք՝ Քրեակատարողական հիմնարկների պետերի ձեռքում
Հայաստանյան քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալվածներին պահելու վայրերի պետերը նոր լիազորություն կստանան։ Դա նախատեսվում է անել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների միջոցով։ Փետրվարի 9-ին Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նոր կարգավորման մասին ասել է․
«Տարիներ ի վեր ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր ու առարկաներ, որոնք փոխանցվում են կալանավորներին, սակայն դրա համար սահմանված տուգանքները շարունակաբար չեն գանձվել։ Եթե փոխանցվող ապրանքը չի եղել թմրանյութ, ապա արգելված առարկա փոխանցողի նկատմամբ որևէ պատասխանատվություն չի կիրառվել»։
Հիմա արդեն Քրեակատարողական հիմնարկի պետն իրավունք է ստանում տուգանել կալանավորին արգելված առարկա փոխանցողին։ Նպատակը՝ օրենքից դուրս գտնվող առարակների մուտքը ՔԿՀ կանխարգելելն է։ Սակայն կա նաև մեդալի հակառակ կողմը։
Կալանավայի ղեկավարն ընտրողական վերաբերմունք կցուցաբերի
Եթե ասվածը տեղափոխենք գործնական հարթություն, էլ ավելի պարզ կդառնա մեխանիզմը, որը գործելու է։
Պատկերացնենք՝ ինչ է լինելու, երբ տուգանք կիրառելու լիազորություն ստացած բանտի պետը արգելված իր մտցնելու մասին տեղեկանա։ Նախ՝ նրան հետաքրքրելու է, թե ում էր փոխանցվելու արգելված առարկան, ինչից էլ բխելու են նրա հետագա գործողությունները։ Կա երկու հավանական զարգացում։
Առաջին դրվագ։ Դժվար է պատկերացնել, որ կալանավայրի ղեկավարությունը տուգանք է կիրառում «զոն նայողներին» ապրանք փոխանցողների նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ անհնազանդ կալանավորների հետ պետերն ունեցած հարցերն արտոնյալների միջոցով են լուծում։ Գործում է փոխադարձ շնորհակալ լինելու ավանդույթը՝ դու ծառայում ես ինձ՝ ազատելով ներքին խնդիրներով զբաղվելու հոգսից, իսկ ես քեզ տալիս եմ ուրիշներից ավելի լավ կյանքով ապրելու լիազորություններ։
Օրինակ՝ «խարոշիները» խնդիրներ չեն ունենում հազատների հետ երկարատև տեսակցելու հարցում։ Բացի այդ՝ նրանց թույլատրվում է խցում արգելված առականեր պահել, ապրել կալանավայրի լավագույն խցերում։ Երբեմն՝ սեփական բիզնեսով են զբաղվում՝ ոչ օրինական։ Մի խոսքով՝ արտոնյալներին թույլատրվում է անել սրտի ուզածը, ինչ հնարավոր է կալանավայրում։
Պարզից էլ պարզ է, որ այս օրենքը կալանավայրի ղեկավարության «սիրելիներին» չի վերաբերվելու։ Ինչ-որ մի արգելված ապրանք ներս մտցնելու փորձի համար բանտի պետը երբեք չի հրաժարվի «շահավետ ընկերությունից»։
Երկրորդ դրվագ։ Առավել տխուր է լինելու այն կալանավորների վիճակը, որոնք ղեկավարների «սիրելիներից» չեն ու արգելված առարկաներ են ստանում։ Բանտի պետը երկու տարբերակ ունի՝ կամ օրենքը կիրառել ամբողջ խստությամբ՝ գումարը պետբյուջե փոխանցելով, կամ էլ գնալ շահավետ գործարքի, մոտավորապես՝ ավտոտեսուչների ոճով։
Ենթադրենք՝ տվյալ արգելված ապրանքի համար սահմանված տուգանքի գումարը 50 000 դրամ է։ Այս դեպքում բանտի ղեկավարությունը շահավետ առաջարկով է հանդես գալիս «գործի վրա բռնվածներին»։
Թակարդում հայտնվածներին առաջարկվում է վճարել օրինակ՝ 30000 դրամ ու ազատվել քաշքշուկներից։ Դժվար չէ կռահել, որ այդ գումարը ղեկավարության կողմից դրվելու է սեփական գրպանը։ Այսինքն՝ գործում է դասական կոռուպցիոն սխեմա։
Ազգային ժողովում պարոն Քրմոյանը խոստովանել էր, որ արգելված առարկա փոխանցելու դեպքեր գրանցվում են շատ հաճախ, ինչը նշանակում է, որ կալանավայրերի ղեկավարները ուրախանալու շատ առիթներ են ունենալու։
Բանտի պետերի կերպարը
Կալանավայրերի պետերն արդեն իսկ օրենքով տրված շատ լիազորություններ ի չարս են օգտագործում։ Պետք չէ նրանց ևս մեկ գործիք տալ։
Կալանավորներից մեկի կինը մեզ հետ զրույցում պատմում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին։
Աննայի (անունը փոխված է) ամուսինը արդեն երկու տարի անազատության մեջ է, պահվում է Նուբարաշենում։ Զրույցների, հանդիպումների ժամանակ ամուսինն իրեն պատմել է կալանավայրում եղած բացասական երևույթների մասին։ Նրա պնդմամբ՝ կալանավայրի ղեկավարությունն է իրավիճակի տերը։
Բանն այն է, որ կալանավորները որոշակի ժամանակը մեկ երկարատև տեսակցության իրավունք ունեն։ Ընտանիքի անդամներն ու դատապարտյալը երեք օր կարող են միասին անցկացնել բանտում, հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։
Այդ իրավունքից, սակայն, Աննան, մանկահասակ դուստրն ու ամուսինը՝ Արմանը (անունը փոխված է) երբեք չեն օգտվել։ Բանտի ղեկավարությունը երկարատև տեսակցություն թույլատրելու համար ամուսնուց գումար է պահանջում, իսկ իրենք համառորեն չեն ցանկանում նպաստել բանտում կոռուպցիային։ Մերժում են առաջարկը։
«Սենյակները կան, այցելությունների ժամանակ իմանում եմ, որ այլ կալանավորներ հնարավորություն ունեն իրենց ընտանիքների հետ այնտեղ ապրելու, սակայն ինձ, երեխայիս ու ամուսնուս երբեք այդ հնարավորությունը չի տրվում Նուբարաշենի ղեկավարության կողմից։ Ամուսինս բազմիցս փորձել է ղեկավարության հետ հանդիպել, խնդրել թույլ տալ այդ իրավունքից օգտվելու, բայց բազմիցս մերժվել է։ Բանտի ղեկավարությունը նույնիսկ չի ցանկանում նրան ընդունել՝ լսել բողոքը։ Հակառակը՝ զոն նայողների միջոցով փորձում են լռեցնել ամուսնուս»,- պատմում է Աննան։
Մեր զրուցակցի տեղեկություններով՝ երկարատև տեսակցության համար Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը այլ կալանավորիներից էլ է գումարներ պահանջում, փաստորեն՝ դատապարտյալներին օրենքով տրված իրավունքը վաճառվում է։
Փող չտալու պարագայում կալանավորը գործնականում չի կարող օգտվել իր իրավունքից։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է՝ հասկանալու, թե ինչպես են կալանավայրերի ղեկավարները չարաշահում իրենց տրված լիազորությունները։
Կալանավայրերում մեծ բիզնես է համարվում բջջային հեռախոսների վաճառքը։ Վերջերս ևս մեկ փաստի մասին հայտնի դարձավ։ Գործում նաև կալանավայրի ղեկավարությունն է խառնված։
2016-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հրազդան ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Շամիրյանի գործն էր քննվում։ Վերջինս բանտի ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների առք ու վաճառքով էր զբաղվել։ Դատապարտյալը ստացված եկամուտից ղեկավարությանն էլ էր բաժին հանել։
2016-ի մայիսի 11-ին կայացած դատական նիստի ժամանակ Արմեն Շամիրյանն անկեղծացել էր իր բիզնեսի մանրամասներով։ Դրսում 60 հազար դրամ արժեցող հեռախոսները նա բանտում 350 հազար դրամով էր վաճառում. «Եթե բոլորը կարողանային շրջանցել, մտցնել հեռախոսը, կյանքում այդ հեռախոսը չի արժենա 350 հազար դրամ: Կոպիտ ասած, մենաշնորհը ես եմ եղել, դրա համար հեռախոսի գները եղել են 350 հազար»:
Դժվար չէ կռահել, թե փակ տարածքում, ինչպիսին բանտն է, ով կարող է մենաշնորհի իրավունք տալ որևէ մեկին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն այս դեպքի մասին ասել է, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով աշխատակիցները թերացել են իրենց աշխատանքը կատարելիս, ինչին ևս պետք է իրավական գնահատական տրվեր դատարանի կողմից։ Մասնավորապես նրանք չեն կանխել ՔԿՀ տարածք բջջային հեռախոսների անօրինական մուտքը։ Մինչդեռ դատարանը նրանց չէր տեսել հանցագործների շարքում։
Վկայակոչելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի զեկույցի տվյալները՝ խմբի ղեկավար Արայիկ Զալյանն ասել է հետևյալը։
«Վերոնշյալ հանցագործության դեպքը բնութագրական է ՀՀ քրեակատարողական համակարգի համար. որպես կանոն՝ ՔԿՀ և ՔԿՎ ղեկավարության կողմից պատշաճ քննություն չի իրականացվում դրանց բացահայտման ուղղությամբ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ համակարգի մեծ թվով աշխատակիցներ ներգրավված են դրանցում»։
Դատապարտյալ Արմեն Շամիրյանի վկայությունը, Աննայի ու Արմենի պատմությունը, իրավապաշտպան Արայիկ Զալյանի փաստարկները գալիս են հաստատելու այն թեզը, որ հայաստանյան բանտերի ղեկավարները մեղմ ասած՝ մաքուր չեն։ Նրանցից շատերի կերպարը առավել քան կոռուպցիոն է։ Շատ դեպքերում պետերն անձամբ են ղեկավարում թվացյալ հանցագործությունները։
Այդպիսի դեպքերի մասին լրատվամիջոցների և իրավապաշտպան կառույցների ահազանգերը մշտապես հնչում են։
«Հանցագործի ձեռքը զենք մի տուր»
Առաջին հայացքից՝ նորմալ կարգավորում է բանտի պետին տուգանելու լիազորություն տալը, «Եվ այդպես էլ պետք է լիներ․ օրենքի խախտումը պետք է նաև համապատասխան պատասխանատվություն առաջացնի օրինախախտի նկատմամբ»,- կպնդեն ոմանք։ Իրականում այս քայլով ՔԿՀ ղեկավարները նոր զենք են ստանում՝ ընդդեմ կալանավորների ու նրանց հարազատների։
Կալանավայրերի ղեկավարներին տրվող այս գործիքը կոռուպցիոն բումի էֆեկտ կունենա կալանավայրերում՝ հաշվի առելով, թե այդ պաշտոնյաները որքան զգայուն են կոռուպցիա երևույթի նկատմամբ։
Եվ շատ մեծ է հավանականությունը, որ օրենքը կկիրառվի ընտրողաբար՝ այն չտարածելով արտոնյալների վրա և կիրառելով անհնազանդների դեմ։
Այսպիսի պայմաններում է, որ Քրեակատարողական հիմնարկների պետերը նոր լիազորություն են ստանում։ Ստացվում է՝ ցանկանում ենք անել մի բան, բայց ստացվում է՝ ճիշտ հակառակը։