Վանաձորում նշվող Քաղաքացիական հասարակության օրվան մասնակցեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը
17:16, September 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն«ՀԿ Կենտրոնի» նախաձեռնությամբ նշվող Քաղաքացիական հասարակության օրվան այս տարի մասնակցեց նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Վանաձորում օրը նշվում է 2011 թ.-ից: Այս տարի այն կրում էր «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագիրը:
Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում միջոցառմանը մասնակցում էին 40-ից ավելի ՀԿ-ներ՝ Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերից, պետական և միջազգային կառույցների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կազմակերպություններն ու երիտասարդական ակտիվ խմբերը միջոցառման ընթացքում ներկայացրին նաև իրենց ոլորտներին առնչվող վարպետության դասեր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը օրվան ներկայացել էր թեմատիկ նյութերով, մարդու իրավունքները խորհրդանշող դրոշակներով, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող զեկույցներով ու այլ տեղեկատվական նյութերով:
Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ վարպետության դասին զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորները պատրաստում և սովորեցնում էին պատրաստել օրիգամի: