Գայանե Առուստամյանի գործով հակընդդեմ հայց կներկայացվի
11:10, October 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն2015թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, ՀՀ Ոստիկանության կողմից Գայանե Առուստամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հակասահմանադրականության հիմնավորմամբ միջնորդության քննարկման նպատակով, որով վերջինս պահանջել էր՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Դատական նիստին ներկա էին գործով հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը և պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանը, քննության առնելով նախորդ դատական նիստին պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը, որոշեց մերժել այն՝ նշելով, որ Դատարանն այս պահին միջնորդությունը բավարարելու հիմքեր չի տեսնում:
Տ. Սիրադեղյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ պատրաստվում էր հակընդդեմ հայց ներկայացնել, ինչը կախված էր ներկայացված միջնորդության վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումից, հետևաբար՝ հակըննդեմ հայցադիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Դատարանը, հիմնավոր համարելով ներկայացված միջնորդությունը, բավարարեց այն:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը Դատարան ներկայացրեց դեպքի օրը ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Գ. Առուստամյանի կողմից լրագրողներին տրված հարցազրույցի տեսագրությունը:
Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Տես նաև՝ hcav.am