Կառավարությունը հավանություն տվեց հանրաքվեի մասին օրենքի նախագծին
22:18, October 20, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԿառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հանրաքվեի մասին օրենքի նախագծին, որը նաև հնարավորություն է տալիս քաղաքացիներին օրինագծեր դնել հանրաքվեի:
Օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է երկու տարի առաջ փոփոխված Սահմանադրությամբ, Գործադիրի նիստում ասաց նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը․ – «Գաղափարը հետևյալն է, որ 50 հոգանոց նախաձեռնող խումբ կարող է ստեղծվել, որը գրանցվում է որպես նախաձեռնող խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որից հետո սկսվում է ստորագրությունների հավաքման գործընթացը: Ստորագրությունների քանակը հստակորեն նախատեսված է սահմանադրությամբ: Փուլ, որը նախատեսում է ստորագրությունների վավերացման ստուգում և հետագա գործընթացը հանրաքվեի հետ կապված»:
Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված օրենքի նախագծերը կարող են դրվել հանրաքվեի, եթե դրա ընդունումը Ազգային ժողովի կողմից մերժվել է: Դրանից հետո ընտրելու իրավունք ունեցող 300 հազար քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Անուհետև նախագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, և միայն գլխավոր օրենքին չհակասելու դեպքում, նախագահի կողմից նախագիծը դրվում է հանրաքվեի:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, ստորագրությունների բարձր շեմը ինչպես նաև օրենքով նախատեսված բարդ գործընթացը գործնականում անհնար են դարձնում քաղաքացիների կողմից որևէ հարց հանրաքվեի դնելու հնարավորությունը: – «Մի քանի այսպես կոչված ֆիլտրեր կան, որոնք ամբողջությամբ գտնվում են քաղաքական կայուն մեծամասնության ձեռքին, որը ոչ թե որոշումը կկայացնի իրավական հարթության վրա կամ սահմանադրականության տեսակետից, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչպես մենք տեսանք ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնության հետ կապված», – մեկնաբանեց իրավապաշտպանը:
Նույնիսկ ստորագրոթյունների անհրաժեշտ քանակի ապահովման դեպքում ոչ բոլոր հարցերը կարող են քաղաքացիական նախաձեռնությամբ դրվել հանրաքվեի: Արդարադատության նախարարն այսօր թվարկեց բացառությունները․ – «Սահմանված է այն հարցերի շրջանակը, որոնք ընդհանրապես չեն կարող կարգավորվել հանրաքվեի միջոցով: Խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքների իրավակարգավորման ոլորտին, խոսքը վերաբերում է բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պետության անվտանգության հետ կապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին և երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին և կառավարության գործունեության կարգին»:
Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարող հանրաքվեով կարծիք հայտնել, օրինակ, հարկերի ու բյուջեի մասին, սահմանափակումների վերաբերյալ զարմանք է հայտնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը․ – «Ի վերջո՝ վերջին որոշումը պետք է կայացնի հանրությունը, որը քվեարկելու է հանրաքվեի միջոցով: Այսինքն, տրամաբանությունը՝ այդ որոշակի հարցերի վերաբերյալ հանրաքվեի դնելու արգելքը՝ բացակայում է»:
Օրենքի վերջնական ընդունման դեպքում, չնայած դրանով նախատեսված բարդ մեխանիզմներին՝ հասարակական կազմակերպությունները կգնահատեն իրենց հնարավորությունները և հնարավոր է փորձեն ստորագրահավաք սկսել որոշ օրինագծեր հանրաքվեի դնելու համար, «Ազատությանը» փոխանցեց իրավապաշտպանը: