Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանը նույն պահանջով 4 հայց է ներկայացրել
17:32, June 20, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. հունիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Կ. Զարիկյանի նախագահությամբ, սկսեց Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցի քննությունը:
Դրանով պահանջվել է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Արամ Աբովյանը, պատասխանող Շահեն Հարությունյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Քանի որ հայցվորը հայցադիմումին կից չէր ներկայացրել վարչական իրավախախտման արձանագրության հիմքում դրված էլեկտրոնային կրիչը, պատասխանող կողմը նախապես միջնորդել էր երկու շաբաթով երկարաձգել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատարանը միջնորդությունը բավարարեց, իսկ հայցվոր կողմը ներկայացրեց բացակայող էլեկտրոնային կրիչը:
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել Շահեն Հարությունյանի դեմ՝ վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նաև միջնորդեց միացնել դրանք:
Միջնորդությունը հիմնավորեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներով, համաձայն որոնց՝ գործի քննության յուրաքանչյուր փուլում դատարանը կարող է մեկ վարույթում միացնել միևնույն առարկային վերաբերող մի քանի գործ:
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչն առարկեց՝ նշելով, թե հավաքները կազմակերպվել են տարբեր օրերի, իսկ երթերն ընթացել են տարբեր փողոցներով, և միջնորդությունն անհիմն համարեց:
Տաթևիկ Սիրադեղյանն էլ հակադարձեց, որ բոլոր չորս հայցերի դեպքում պահանջը նույնն է, իսկ հայցի հիմքում ընկած իրավաբանական փաստերը առարկայի հետ առնչություն չունեն:
Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով դատարանը հետաձգեց դատական նիստը՝ անհրաժեշտ համարելով ծանոթանալ մյուս գործերով հայցերի բովանդակությանը: Դատարանը որոշում կկայացնի մինչ մյուս գործով նշանակված դատական նիստի օրը՝ 2017 թ. հունիսի 22-ը: