Ռուստամ Ղազարյանի գործով նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ
13:09, September 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, տեղի ունեցավ «Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ-ի» գործով նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը հետաձգվել էր հայցվորի փաստացի բնակության հասցեի վերաբերյալ Դատարանին հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև Ռ. Ղազարյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանի աշխատանքային պայմանագրի բնօրինակները ներկայացնելու պատճառով:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց պահանջվող փաստաթղթերը՝ միաժամանակ նշելով, որ Ռ. Ղազարյանը դատական նիստին չի ներկայացել աշխատանքային զբաղվածության պատճառով:
Պատասխանող կողմը, չնայած նրան, որ Դատարանի կողմից պատշաճ կերպով ծանուցում էր ստացել, կրկին ներկայացված չէր նախնական դատական նիստին: Դատարանը որոշեց նիստը շարունակել վերջինիս բացակայությամբ:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը, ապա նշեց, որ Ռ. Ղազարյանը թմրաբանական բժշկական հաստատությունում հաշվառվել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության հիման վրա, ինչը հակասում է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշման ընդհանուր մասի դրույթներին:
Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև Ռ. Ղազարյանի նկատմամբ բժշկական դիտարկման տեսակը որոշելու, ինչպես նաև հոգեկան ու վարքային խանգարումներ ախտորոշելու ընթացակարգերի խախտման վերաբերյալ և պահանջեց վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ հայցվորի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Անդրադառնալով ներկայացված ապացույցների պատշաճությանը՝ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ որոշ փաստաթղթերի բնօրինակներ չեն գտնվում իր տիրապետության տակ, ուստի միջնորդություն ներկայացրեց Դատարանին՝ իրավասու մարմիններից ստանալու հայցադիմումին կից պատճեն տարբերակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները:
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և հետաձգեց նախնական դատարան նիստը՝ ինչպես միջնորդությամբ ներկայացված փաստաթղթերի բնօրինակներն ստանալու, այնպես էլ պատասխանող կողմին հետադարձ ծանուցմամբ ծանուցագիր ուղարկելու նպատակով:
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2015 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ին: