ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապացությամբ
18:44, September 21, 2016 | Հայտարարություններ, Սեփական1991 թ. սեպտեմբերի 21-ին նյութականացավ հայ ժողովրդի դարերի երազանքը, և այսօր արդեն քսանհինգամյա պետականություն ունենք:
Պետականության վերահաստատմամբ՝ հայ ժողովուրդը իրավունք ձեռք բերեց քաղաքակիրթ աշխարհի հետ խոսելու հավասարազոր դիրքերից և ինքնություն որոշելու պետականության զարգացման սեփական ուղին:
Ցավոք, այդ իրավունքը Հայաստանի Հանրապետությունը, հանձինս ՀՀ իշխանությունների, չկարողացավ արժանապատիվ ձևով կիրառել և համաշխարհային հասարակությանը ներկայանալ ինքնուրույն ու կայուն պետականության դիրքերից:
Չնայած ձեռնարկված որոշ գործողություններին ու ներդրված ջանքերին որոշ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովում իրավական ու ժողովրդավար պետությանը հատուկ պայմաններ իր քաղաքացիների համար՝ ճնշելով ու հետապնդումների ենթարկելով այլախոհներին, լրջագույն բացթողումներ թույլ տալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դրա դրսևորումներից մեկն էլ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների թերի կատարումն է, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունը հրապարակվեց օրեր առաջ:
Իրավական պետությանը հարիր չէ 21-րդ դարում ունենալ քաղաքական բանտարկյալներ, զսպել քաղաքացիների ու զանգվածային լրատվամիջոցների ձայնը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բռնության միջոցով, ոտնահարել սեփական ժողովրդի կարծիքն ու մի ողջ պետության ուղի մատնանշել միայնակ ու մեկ գիշերվա մեջ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է քաղաքական կամք դրսևորեն՝ պետության զարգացումը վերադարձնելու ժողովրդավարության ու իրավական հարթություն՝ իրապես անկախ ու ազատ ներկայանալու համար աշխարհին՝ որպես քսանհինգամյա պետականություն ունեցող ժողովուրդ: