«Աբսուրդ է». Սաքունցը՝ սուտ մատնության դրույթի մասին
10:12, October 21, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՍեպտեմբերի 16-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հիմքով քննվել է 33 գործ, որոնցից 16-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ բոլոր 16 գործերով մեղադրյալները մեղավոր են ճանաչվել:
Այս մասին հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Չկա գոնե մի դեպք, որ դատարանը ճանաչեր, որ մեղադրանքը անհիմն է: 100 տոկոսանոց արդյունք: Սա մեր իրավական պրակտիկայի ցայտուն ապացույց է: Պետք է հասկանանք, թե ինչու այս հոդվածը մտցվեց, մի կողմից ասում են՝ գրանցված ընտրողների ցուցակները հրապարակում ենք, պարզ է՝ հիմնական իմաստը կայանում է նրանում, որ բացակաների փոխարեն քվեարկության դեպքերը կանխվեն, բայց մյուս կողմից էլ մտցնում են՝ եթե նման տիպի ինֆորմացիան հաղորդում եմ ռիսկի տակ են դնում, ասում են՝ հազար անգամ մտածի, եթե մենք պարզենք, որ դա չի համապատասխանում իրականությանը, ապա դու կդատապարտվես ազատազրկման կամ 200-800 հազար դրամ տուգանքի»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացին պարզում է, որ իր փոխարեն քվեարկել են, սակայն քննության արդյունքում հայտնի է դառնում, որ անձը պարզապես շփոթվել է եւ բողոքը հետ են վերցնում. «Եթե քաղաքացին բողոքը հետ է վերցնում ես՝ հաղորդում տված անձս, այդ դեպքում սուտ մատնության համար ենթարկվում եմ ենթադրենք քրեական պատասխանատվության: Ես այստեղ տեսնում եմ միտում, որ այս օրենսդրական փոփոխությունների ամբողջ տրամադրությունն ուղղված է դիտորդական առաքելության նկատմամբ ճնշումների մեծացմանը՝ սահմանափակման միջոցով: Ի դեպ, միջազգային դիտորդներն էլ են գրելու կրկնակի քվեարկության դեպքերի մասին, հիմա միջազգային դիտորդներին էլ են քրեական պատասխանատվության ենթարկելո՞ւ: Այսինքն՝ աբսուրդ է, անհամաչափ է գոյություն ունեցող ընտրական պրակտիկային»:
Տես նաև՝ politik.am