Հացադուլ նախագահականի մոտ. քննիչը ներգրավել է գոյություն չունեցող ընթերակաների
11:18, January 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԱրդեն երեք օր է նախագահական նստավայրի դեմ հացադուլ է անում Վանաձորի բնակիչ Փնջիկ Թերոյանը: Նա բողոքում է իր հայցով քրեական գործը կարճած քննիչի դեմ: Թերոյանը Epress.am-ին հայտնել է, որ մինչ նախագահական նստավայր գալը հացադուլ էր անում ՀՀ դատախազության շենքի մոտ՝ գլխավոր դատախազի հետ հանդիպում պահանջելով: «Ինձ ասեցին՝ կարող ես հանդիպել քո գործով զբաղվող քննիչի հետ, ինչը ինձ պետք չի»,- պատմել է Թերոյանը:
Քաղաքացու շահերը դատարանում ներկայացրել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: Նա Epress.am-ին պատմել է, որ Թերոյանի բողոքի հիման վրա սկսված գործով քննիչ Սասուն Մխիթարյանը մի շարք խախտումներ է թույլ տվել, մասնավորապես, գործի նյութերում գրել է, որ խուզարկության հարցում խախտումով են ընթերականեր ներգրավվել. դրանք եղել են ոստիկանության աշխատակիցներ, ինչը օրենքով արգելված է: Մեկ այլ դրվագում նախաքննությունը վարող մարմինը որպես ընթերակա է ներգրավել գոյություն չունեցող մարդկանց։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը (հանցագործությունները) բացահայտելու և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ինչևէ, ՀՔԾ-ում մերժել են քննիչի թույլ տված խախտումների հարցով քրեական գործ հարուցել:
Կազմակերպությունը դիմել է նաև Դատախազություն, որը բավարարել է բողոքը, սակայն այդ փաստը կրկին անտեսվել է ՀՔԾ-ի կողմից՝ քրեական գործ դարձյալ չի հարուցվել:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որպես ընթերակա ներգրավված Սուսաննա Հարությունյանը և Վալենտինա Քալաշյանը բացատրություններ են տվել, որ իրենք չեն հանդիսանում ոստիկանության ծառայողներ, ոստիկանությունում աշխատում են որպես հավաքարար, գործով շահագրգռված չեն եղել, քննիչից որևէ կախման մեջ չեն գտնվել, հետևաբար՝ որևէ արգելք չի եղել նրանց՝ որպես ընթերակա ներգրավել: Երկրորդ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մ.Հարությունյանի կողմից լազերային սկավառակի ձայնագրառման զննության կատարման ժամանակ ներգրավված չեն եղել ընթերականեր և զննություն կատարելու արձանագրության մեջ նշված անձինք՝ Գառնիկ Պետրոսյանը, երբևէ Վանաձոր քաղաքի բնակչության ռեգիստրում չի եղել և ՀՀ քաղաքացու անձնագիր չի ստացել, իսկ Բորիս Կոբալյանը քննիչի կողմից արձանագրությունում նշված հասցեում երբևէ չի հաշվառվել և հաշվառումից չի հանվել»,- պատմել է Արայիկ Զալյանը:
Փնջիկ Թերոյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ա. Կ. Մինասյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Աղբյուրը՝ www.epress.am