Անզոր Կարապետյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի
17:27, March 22, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2016 թվականի հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և մասնակցում է գործի քննության շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողություններին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ա. Կարապետյանի հարազատները, որոնք ներկա են եղել վերջինիս դիահերձման ժամանակ, վկայակոչելով դիահերձման ընթացքում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ, արժանահավատ չէին համարում պաշտոնական վարկածը, ըստ որի՝ Ա. Կարապետյանը ինքնասպան է եղել: Այդ հանգամանքների վերաբերյալ Ա. Չատինյանը 2016 թ. փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որով մասնավորապես հայտնել է, որ համաձայն չեն փորձագիտական եզրակացության հետ, քանզի վերջինս լրիվ չէ, կան չպարզաբանված հարցեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի ելքի համար, հետևաբար՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու և փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու անհրաժեշտություն կա:
Ներկայացված միջնորդության մեջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից հարցեր են առաջադրվել Ա. Կարապետյանի վնասվածքների, ՁՊՎ-ում ստացած բժշկական օգնության և իրականացված փորձաքննության արդյունքում առաջացած նոր հարցերի վերաբերյալ:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի 2016 թ. մարտի 8-ի որոշմամբ` ներկայացված միջնորդությունը բավարարվել է:
Բացի լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունից` ներկայացվել է նաև քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություն, որում նշված քննչական և դատավարական գործողությունները դրական ազդեցություն կունենան գործի ելքի վրա: