Դատախազն ու տուժողը պահանջում են մանկահասակ Լիա Միսակյանի գործով ամբաստանյալներին ժամանակավորապես զրկել մանկաբույժի գործունեության իրավունքից
18:30, May 22, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք | Լիա ՄիսակյանԱյսօր՝ 2018 թ. մայիսի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործով տուժող կողմն ու մեղադրող դատախազը հանդես եկան ամփոփիչ ճառերով:
Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը միջնորդեց ամբաստանյալներ Զ. Այվազյանին ու Լ. Վարդանյանին մանկաբույժի գործունեության իրավունքից զրկել 3 տարի ժամկետով: Նա նշեց, որ դրա համար կան բավարար հիմքեր, իսկ նրանց՝ դատարանում ներկայացված անձը բնութագրող տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալների կատարած արարքի հանրային վտանգավորությունը:
Տուժող կողմի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանն էլ միջնորդեց Լ. Վարդանյանին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել 3, իսկ Զ. Այվազյանին՝ 2 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Լ․ Վարդանյանի պաշտպան Գ․ Հովհաննիսյանը միջնորդեց պաշտպանական կողմին ժամանակ տրամադրել պաշտպանական ճառով հանդես գալու համար։
Դատական նիստն այդ հիմքով հետաձգվեց և նշանակվեց 2018 թ․ հունիսի 20-ին՝ ժամը 16։00-ին։