Մեթադոնով բուժվող դատապարտյալները չեն ներկայացվում պայմանական ազատման
11:08, August 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրում ընդգրկված դատապարտյալները, ովքեր թմրամիջոցի կախվածությունը փորձում են բուժել մեթադոնի միջոցով, ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից չեն ներկայացվում պայմանական վաղաժամկետ ազատման: Այս մասին «Հետքին» հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» իրավաբան, ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Արայիկ Զալյանը:
«Մեթադոնային ծրագրով բուժվող տարբեր դատապարտյալներ քրեակատարողական հիմնարկներ կատարած մեր այցերի ժամանակ հայտնում են, որ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները իրենց չեն ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման: Հարցում ուղարկեցինք ԱՆ ՔԿՎ»,- ասաց իրավաբան Արայիկ Զալյանը:
Քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` 2012-ից մինչև 2014-ի հուլիս ամիսը հայաստանյան ՔԿՀ-ներում «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրով բուժվում է 108 դատապարտյալ, որոնցից որևէ մեկին ՔԿՀ վարչական հանձնաժողովները չեն ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատման: Մեթադոն ստացող 108 դատապարտյալներից և ոչ մեկի պատժի չկրած մասը չի փոխարինվել առավել մեղմ պատժատեսակով:
«Պայմանական վաղաժամկետ ազատման մերժման մի քանի որոշում մենք ուսումնասիրել ենք, մերժման պատճառները հիմնականում կրկնում են մեկը մյուսին՝ դատապարտյալի ուղղումը լիարժեք չէ, պատժի հետագա կրման անհրաժեշտություն կա: Այն, որ դատապարտյալների այս խմբին մշտապես մերժում են պայմանական ազատություն վերադարձնել, վկայում է խտրական վերաբերմունքի մասին: Սակայն դատապարտյալների այս խմբին, կարծում եմ, առավել, քան պետք է խրախուսել, չէ՞ որ նրանք ընտրել են թմրամոլությունից բուժվելու ճանապարհը: Մեթադոն ստացող դատապարտյալների հետ զրույցներից եկա այն եզրակացության, որ եթե այդ անձինք մեթադոն չստանային, միգուցե ներկայացվեին պայմանական ազատման»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արայիկ Զալյանը:
Հայաստանի դատական համակարգի կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն` թմրամիջոցների պատրաստման ու իրացման հոդվածներով 2013թ. պայմանական ազատություն է ստացել 9 դատապարտյալ. 2-ը` 266 հոդվածով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կամ իրացնելն ու պատրաստելը, 7 դատապարտյալ ազատվել է 268 հոդվածով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը առանց իրացնելու նպատակի:
ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Արայիկ Զալյանը նշեց, որ թե՛ խումբը, թե՛ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» պատրաստակամ են անհատական դատական պրոցեսներ սկսել, եթե դատապարտյալները ցանկություն հայտնեն ստացած մերժումները վիճարկել դատարաններում:
Պայմանական վաղաժամկետ չեն ազատվում ոչ միայն մեթադոն ստացող դատապարտյալները, այլև կոնկրետմի շարք հոդվածներով դատապարտվածները: Այս չգրված օրենք-տաբուի մասին պարբերաբար բարձրաձայնում են հենց իրենք` դատապարտյալները, նաև` իրավապաշտպանները: Օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատում չի կիրառվում 104՝ սպանություն, 112՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 175՝ ավազակություն, 176՝ կողոպուտ, 178՝ խարդախություն, 179՝ յուրացնելը կամ վատնելը, 215՝ մաքսանենգություն և այլ հոդվածներով: Պայմանական ազատություն չի վերադարձել ոչ մի ցմահ դատապարտյալ, թեպետ մոտ 10 անձ հատել է վաղաժամկետ ազատման 20 տարվա շեմը:
Աղբյուրը՝ hetq.am