Թուրքիայում ուսուցիչը շատ է կաշկանդված
11:14, August 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕգոստոսի 11-17-ը գտնվում էի Թուրքիայում, այդ երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի դպրոցներում աշխատող ուսուցիչների հետ 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանության հարցի մասին խոսելու նպատակով: Հանդիպումը կազմակերպել էին Թուրքիայի ՀՔԱ-ն եւ Հայաստանում գործող ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Թեման շատ ծանր էր ու պատասխանատու, հատկապես, որ մեզանից յուրաքանչյուրը (ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմը) նման ֆորմատում երբեք չէր աշխատել, իսկ շատերն առհասարակ առաջին անգամ էին առերեսվում: Թուրք ուսուցիչների մեծամասնությունն էլ հայերի ցեղասպանության փաստի մասին կամ առաջին անգամ էր լսում, կամ էլ տեղյակ էր պետական ապարատի վերահսկողությունից դուրս, մասնավոր զրույցներից, այն էլ` շատ աղոտ: Որոշները վստահ էին, որ հայերը չափազանցրել են 1915-ին տեղի ունեցած դեպքերը եւ անվանում են ցեղասպանություն եւ որ հենց հայերն են այդ տարիներին կոտորել թուրքերին, առանց իրենք իրենց հարց տալու, թե. եթե այդպես է, այդ դեպքում ո՞ւր կորավ մի ամբողջ ժողովուրդ, ինչո՞ւ նրանց տները մնացին լքված, եկեղեցիներն ավերված եւ ինչո՞ւ է թուրք ժողովուրդն այդ երկրում բազմացել իսկ հայերը` նվազել, եթե չասենք իսպառ վերացել:
Շփման ու քննարկումների ընթացքում միայն նրանք խոստովանեցին, որ իրենց դիրքորոշումն ու անիրազեկությունը պայմանավորված է պետական ծրագրով դպրոցական դասագրքերում հաստատված թյուր տեղեկատվությամբ ու նշեցին, որ իրենք որեւէ իրավունք չունեն այդ ծրագրի շրջանակից դուրս որեւէ այլ տեղեկություն փոխանցել երեխաներին:
Երբ ես պատմում էի մեր կրթահամալիրի մասին ու նշում, որ այստեղ ուսուցիչն աշխատում է իր մշակած անհատական կրթական ծրագրով եւ որ հակառակ դեպքում նա ուղղակի չի կարող ընդունվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի որեւէ դպրոց` աշխատելու, մեր թուրք գործընկերները հրաժարվում էին հասկանալ դա ու անընդհատ հարցնում էին` պետական է կրթահամալիրը թե՞ մասնավոր ու զարմանում էին, որ մենք մերժում ենք պետական կրթական ծրագիրը եւ դեռ մի բան էլ մեր ուսուցիչների մշակած ծրագրերն են հավակնում ընկնել պետական կրթական ծրագրերի հիմքում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տեսնելու ցանկություն հայտնեցին գրեթե բոլորը եւ հույս հայտնեցին, որ հաջորդ ամառ, ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան այցելելու պարագայում կկարողանան այցելել նաեւ մեր կրթահամալիր, իրենց աչքով տեսնելու «այն հրաշքը, որի մասին ես եմ պատմում»: Ես էլ իմ կողմից էի զարմացած, որ ինձ համար նորմալ համարվող իրավիճակը կարող է ուղղակի գնահատվել որպես հրաշք:
Նշեմ նաեւ, որ թուրք ուսուցիչներից տեղեկացա, որ իրենց դպրոցական դասագրքերում (պատմության) առանձին թեմայով անցնում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտը բնութագրող Խոջալուի դեպքերը, որտեղ գրված է հայերի առանձնակի դաժանությունների մասին:
Հայերի ցեղասպանության մասին իրենց դասախոսություններում Թուրքիայում եւ աշխարհում շատ հայտնի թուրք գործիչները համակողմանի ներկայացրին պատմական իրողությունը եւ շեշտեցին այն բարոյական ու իրավական պատասխանատվությունը, որ կրում է Թուրքիայի կառավարությունն ու ողջ հասարակությունը` հայերի նկատմամբ: Մեր թուրք գործընկերներն ուղղակի արտասվում էին: Նրանց համար կատարսիսիսի յուրահատուկ վիճակ էր ստեղծվել ու մարդիկ արտահայտվում էին անկեղծ, խոստովանելով, որ մարդասպանների ժառանգ են ու այդ գիտակցումը շատ ծանր է իրենց համար:
Նրանք հույս էին հայտնում, որ մենք ատելությամբ չենք լցվի իրենց նկատմամբ, չնայած նշում էին, որ իմանալով իրենց նախնիների դաժանությունների մասին, անգամ իրենք են դժվարությամբ զսպում ատելությունը:
Իսկ զուտ մարդկային շփման հարթությունում հայ-թուրքական ուսուցչական խմբի հանդիպումը ջերմ էր ու մտերիմ: Կարծում եմ, հանդիպման մասնակիցներից շատերը ձեռք բերեցին իրենց ընկերներին կամ եթե ոչ, չեն մոռանալու միմյանց եւ հուսով եմ, որ այս հանդիպումն իսկական խթան է հանդիսանալու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված, թվում է` անհաղթահարելի բարոյահոգեբանական անջրպետը վերացնելու: Համենայնդեպս այս հանդիպումից ես ստացա այդ խնդրի հաղթահարման հեռանկարի տպավորությունը, քանի որ թուրքերն իրոք գիտակցում էին 1915-ի ամբողջ պատասխանատվությունը, միայն թե, նրանք չեն ներկայացնում ողջ թուրք հասարակության պատկերը, չնայած որ հանրության գիտակցության փոփոխության միտում, Թուրքիայում իրապես նկատվում է:
Գայանե Առուստամյան
Աղբյուրը՝ www.mskh.am