«Նույն ԱԱԾ-ն լռում էր, երբ Շմայսը սպառնում էր գլխատել եւ բռնաբարել…». իրավապաշտպան
22:11, September 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անունից Զարուհի Փոստանջյանի հնչեցրած ելույթին:
Փոստանջյանը այդ օրը հայտարարել էր, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ շարունակել. «…Հենց այս սուրբ հողը պաշտպանելու եւ այս սուրբ հողում մեր ազգահավաքը կազմակերպելու համար մենք պետք է դուրս գանք այս՝ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությունը եւ այս բարեփոխումներ կոչվածը: Եվ պետք է անցնենք ոչ միայն Մելիք Ադամյան փողոցով, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, պետք է քանդենք այնտեղի բաստիլը, ներկայիս ժամանակակից ԱԱԾ, КГБ, НКВД-ն եւ հիմնադրենք մեր ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը: Բոլորս դուրս ենք գալիս փողոց»:
Եվ ահա այսօր տարածված հայտարարությամբ ԱԱԾ-ն սպառնում է Փոստանջյանին, թե նա «գերազանցել է ինքն իրեն եւ փորձել ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը»:
Ւրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նկատեց, որ այդ սպառնալիքները ուղղված են ոչ միայն Զարուհի Փոստանջյանին, այլ նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք բողոքում են եւ ընդվզում իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ:
Ըստ նրա՝ տարածված հայտարարությամբ ԱԱԾ-ն փաստում է, որ ինքը քաղաքական հետապնդում իրականցնող մարմին է եւ դուրս է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից:
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը լռում էր եւ կենդանության նշաններ ցույց չէր տալիս, երբ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը հրապարակավ կոչ էր անում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այրել խարույկի վրա, ինչպես Ժաննա դը Արկին: ԱԱԾ-ն բացարձակապես ձայն չէր հանում եւ կենդանության նշաններ ցույց չէր տալիս, երբ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը հրապարակավ սպառնում էր գլխատելու եւ բռնաբարելու նրանց, ովքեր Պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ հասցեին կարծիքներ կամ հոդվածներ են գրում, որոնց հետ ինքը համաձայն չէ: ԱԱԾ-ն անմիջականորեն մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանը կատարելիս: Անգործության էր մատնված, երբ Սահմանադրությամբ արգելված գործողություններ էր թույլ տալիս Ռոբերտ Քոչարյանը՝ զինված ուժերին ներգրավելով քաղաքական ընդդիմության եւ խաղաղ ցուցարարների դեմ 2008 թվականի մարտի 1-ին: ԱԱԾ-ն բացարձակապես անգործության էր մատնված, երբ Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ապօրինի կանգնեցրել էին եւ խոչընդոտել նրա ազատ տեղաշարժի իրավունքը: ԱԱԾ-ն բացարձակապես անգործության էր մատնված, երբ ռուս սահմանապահները Պերմյակովին ձերբակալելուց հետո այդպես էլ չհանձնեցին ՀՀ ԱԱԾ-ին, չնայած դա նախատեսված էր պայմանագրով: Այս բոլոր դեպքերում ԱԱԾ-ի անգործությունը եւ հիմա նման էմոցիոնալ արձագանքը վկայում է, որ ԱԱԾ-ն դեռեւս որպես ՀՀ ԱԱԾ գոյություն չունի»,- մեզ հետ զրույցում նշեց Սաքունցը:
Ըստ նրա՝ ԱԱԾ-ն բացարձակապես իրավունք չունի նման գնահատականներ տալ ԱԺ պատգամավորի՝ փոխաբերական նշանակություն ունեցող այն արտահայտություններին, որոնք վերաբերում են տապալմանը: Այո, տապալել է պետք ապօրինի իշխանությանը: «Եվ շատ շենքերի քանդում ասվածը Զարուհի Փոստանջյանի կողմից չի կարելի գնահատել այնպես, ինչպես ԱԱԾ-ն է պատկերացնում: Որովհետեւ քանդումը ենթադրում է ապօրինի իշխանության դեմոնտաժ, իշխանություն, որը ապօրինի կերպով մարդկանց վզին է փաթաթում իր ապօրինի իշխանությունը, նաեւ սահմանադրական փոփոխությունները՝ կատարելով սահմանադրական հեղաշրջում:
Եթե ԱԱԾ-ն փորձում է գործել օրենքի սահմաններում, ապա պետք է գործադիր իշխանության այն մարմինների ներկայացուցիչներին, որոնք թաղված են ապօրինի գործունեության մեջ (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոնց բիզնեսների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան), բարի լինի դրանց հետաքննությամբ զբաղվել: Կոռուպցիոն հանցագործություններն են Հայաստանի համար սպառնալիք եւ ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի կոչ անող ԱԺ պատգամավորը»,- նկատեց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով ԱԱԾ-ի հայտարարությունը վկայում է, որ վախենում են Փոստանջյանի հայտարարությունից՝ մտավախություն ունենալով, որ նրա կոչը լսողները ավելի շատ կլինեն, քան ԱԱԾ-ին վստահողները:
«Միաժամանակ ասեմ, որ ԱԱԾ-ն շատ լավ կանի, եթե ընթերցի ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավուների համընդհանուր հռչակագրի նախաբանի երրորդ պարբերությունը, որով ասվում է, որ քաղաքացիները իրավունք ունեն ընդվզելու իշխանության դեմ, որը այնպիսի օրենքներ է ընդունում, որոնց դեմ վերջին միջոցը ընդվզումն է եւ ապստամբությունը»,- հիշեցրեց իրավապաշտպանը եւ կոչ արեց ԱԱԾ-ին՝ պատգամավորին հակադարձելու փոխարեն պարզաբանել, թե ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը որտեղից իր անձնական հաշվում (ըստ պաշտոնական հայտարարագրի) 920 հազար ԱՄՆ դոլար ունի, այն դեպքում, երբ տասնյակ տարիներ էլ աշխատավարձը հավաքեր՝ այդքան չէր կազմի:
Աղբյուրը՝ armtimes.com