Ոստիկանությունը հայց է ներկայացրել Մաշտոցի պողոտայի խաղաղ ցույցի ևս մեկ մասնակցի դեմ
12:09, September 22, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2016 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա.Թովմասյանի, կայացավ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտի 23-ի հավաքի մասնակիցներից Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջել է Հ. Էվոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը և պատասխանող Հասմիկ Էվոյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատական նիստի ընթացքում պատասխանող Հասմիկ Էվոյանը նախ բանավոր կարգով հաստատեց իր ներկայացուցչի լիազորությունների ծավալը, ապա սահանված կարգով ձևակերպված լիազորագրի միջոցով, և հայտնելով, որ ցանկություն չունի ներկա գտնվելու գործի քննությանը՝ լքեց դատական նիստերի դահլիճը:
Հայցվորի ներկայացուցիչ Ս. Մելիքյանը ներկայացրեց հայցադիմումի առարկան և հիմքերը, վկայակոչեց գործի շրջանակներում կիրառման ենթակա իրավական ակտերը, ինչպես նաև նշեց, որ պատասխանողը մասնակցել է 2016 թ. մարտի 23-ին կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, իսկ այնուհետև՝ չեն կատարել փողոցը բացելու և հավաքի բնականոն ընթացը չխոչընդոտելու՝ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների պահանջները, ինչի պատճառով էլ բերվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:
Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը Ս. Մելիքյանին որոշ հարցեր ուղղելուց հետո նշեց, որ առարկում է ներկայացված հայցադիմումի դեմ, քանզի Հ. Էվոյանի վարքագծում բացակայում են իրեն վերագրվող արարքների հատկանիշները, և դատարան ներկայացրեց հայցադիմումի պատասխան:
Կողմերը ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չունեին:
Դատարանը գործը նշանակեց դատաքննության:
Նշենք, որ հավաքի մասնակիցները, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Որից հետո հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:Նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
Տես նաև՝ Ոստիկանության հերթական հայցը՝ ցուցարարի դեմ
Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել մարտի 23-ի հավաքի մասնակցին