«Նոր Հայաստան»-ը ահազանգում է ճնշումների մասին
23:18, November 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները դատապարտում են քարոզչության ժամանակահատվածում արձանագրվող հալածանքների դեպքերն ու վստահեցնում՝ դիմելու են միջազգային կառույցներին:
Դեկտեմբերի 1-ից անհնազանդության ակցիաներ ծրագրած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ահազանգում է, թե իշխանությունները սաստկացնում են հալածանքները ընդդիմադիրների նկատմամբ։
Սահմանադրական փոփոխություններն իշխանափոխությամբ տապալել պատրաստվող այս շարժման անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, երեկ հարձակման թիրախ է դարձել իրենց Վարդենիսի գրասենյակը։ Անհայտ անձինք պոկել են քարոզչական պաստառը, գրասենյակի սեփականատերը պահանջել է հանձնել տարածքը, իսկ շտաբի պատասխանատուին ոստիկանները տուգանել են 100 հազար դրամով:
«Հասկանում ենք, որ գյուղական բնակավայր է, այնտեղ բոլորն իրար ճանաչում են և եթե տեսնում են, որ էս մարդուն հալածում են, հետապնդում են մի քանի մեքենաներով, ապա մարդիկ կահաբեկվեն և հեռու կմնան այդ գրասենյակի հետ առնչվելուց»,- ասում է Վարուժան Ավետիսյանը:
Իր նկատմամբ եղած ճնշումների մասին է բարձրաձայնում նաև շարժման մեկ այլ անդամ՝ Սմբատ Բարսեղյանը։ Գյումրեցի երիտասարդով իրավապահները հետաքրքրվել ու վերջինիս բաժին են հրավիրել մոտ 10 օր առաջ, Վանաձորում ոստիկանների հետ բախումներով ուղեկցված հանրահավաք-երթից հետո։
«Ասում եմ՝ չեմ ներկայանում, քանի որ չեք ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, որ ինձ կանչում եք բաժանմունք: Հանրահավաքին չմասնակցելու ինչ-որ բաներ էին ասելու, որ էլ մյուս հանրահավաքներին չմասնակցեմ»,- պատմում է Սմբատ Բարսեղյանը:
Իրավապաշտպանները դատապարտում են քարոզչության ժամանակահատվածում «Նոր Հայաստան»-ի նկատմամբ հալածանքի դեպքերն ու վստահեցնում՝ դիմելու են միջազգային կառույցներին։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան․ – «Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդը ինքնամոռաց վիճակում են, իրենք այնքան են տարվել ընտրությունները կեղծելով․․․ մի նպատակ ունեն՝ անցկացնել այն, ինչ ուզում են»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունց․ – «Իշխանությունը իր ցանկացած քայլ, որն իր համար կենսական նշանակություն ունի, միայն բռնի մեթոդով, պարտադրանքով է պատկերացնում դրա իրականացումը»:
Ընդդիմադիր այս շարժման շտաբի խոսնակը հիշեցնում է նաև նախօրեին Արմավիրի մարզ կատարած այցը, երբ քարոզարշավի մեկնող շտաբի անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Գարեգին Չուգասզյանը ստիպված եղան փոխել երթուղին, քանի որ ճանապարհը փակված է եղել ցեմենտի տասնյակ պարկերով: Վարուժան Ավետիսյանը վստահ է՝ պարկերը միտումնավոր են տեղադրել փողոցի բանուկ հատվածներում։
«Դատարկ, տկլոր ցեմենտի պարկերը, առանց ավազի, առանց որևէ բանի․․․ էնտեղ շինարարության հետք անգամ չկար, ինչի՞ համար են դա արել: Եվ մերոնց ներկայությամբ էլ ինչ-որ մեկը դանակով պատռում էր այդ պարկերը, ցույց տալու համար, որ իբր շինարարական աշխատանք է կատարվում»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է՝ ինչո՞ւ հրապարակվող դեպքերին չի արձագանքում Ոստիկանությունը: Մինչդեռ, հանրաքվեի օրինականությունը վերահսկելու համար շտաբ է ստեղծել, որը ղեկավարում են փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանը և Լևոն Երանոսյանը։
«Փորձեինք Մաշտոցի պողոտայի վրա մի պարկ դնեինք փողոցի մեջտեղում, միանգամից կհայտնվեին՝ թե դուք երթևեկության կանոնները խոչընդոտում եք: Մի ամբողջ համայնքի մուտքը ցեմենտի պարկերով փակված է, մի ոստիկան չկա՞»,- հարց է տալիս իրավապաշտպանը:
Չնայած բարձրաձայնած ճնշումներին, «Նոր Հայաստան»-ը չի հրաժարվի դեկտեմբերի 1-ին իրականացնելիք իր մտադրությունից։ «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ո՛չ նոր Սահմանադրությանը» կարգախոսով շարժման տասնյակ համակիրներ այսօր հերթական իրազեկման ակցիան իրականացրին՝ շրջելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերով։
Տեսանյութը՝ այստեղ
Աղբյուրը՝ azatutyun