Շիրխանյանին կալանավորելը նոր էլեմենետ է մտցնում այդ գործի մեջ
17:19, December 22, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆորք Մարաշում վնասազերծված զինված խմբի շրջանակներում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կալանավորելը նոր էլեմենետ է մտցնում այդ գործի մեջ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Շիրխանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է 2 ամսով: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այս գործում նաև ներկա պաշտոնյաներ են ներգրավված:
«Հլա սպասենք, տեսնենք, այդ ի՞նչ պաշտոնյաներ են փնտրում ու ի հայտ բերում: Բոլոր դեպքերում իրենք ընկել են սեփական ծուղակը ու փորձելու են ամեն գնով հիմնավորել իրենց առաջ քաշած նախնական թեզը: Այն, որ լրատվամիջոցներով հայտարարվում է, որ ոչ միայն նախկին, այլ նաև այսօրվա պաշտոնատար անձինք են նաև ներգրավված խմբում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձում են հնարավորինս այն պատկերացումը ձևավորվել, որ դա իրապես բավական լուրջ գործողություն է»,- ասաց Սաքունցը:
Ըստ նրա՝ այս խմբավորման վնասազերծման ու ձերբակալման ամբողջ գործողությունները շատ հարցեր են առաջացնում՝ կապված այն ժամանակահատվածի հետ, երբ դա կատարվեց՝ հանրաքվեի քարոզչության շրջանը: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե զինված խումբը պատրաստվում էր պետական ծանր հանցագործություններ իրականացնել, Սաքունցի խոսքով, որևէ հիմնավոր ապացույցներ ներկայացված չեն այդ մասով:
«Մարտի մեկի դեպքերի ժամանակ իրավական գնահատական չտրվեց Ռոբերտ Քոչարյանի, նույն Գորիկ Հակոբյանի, Գլխավոր շտաբի պետի, ներքին զորքերի հրամանատարի, ոստիկանապետի գործողություններին, որը նույնպես պայմանավորված էր քաղաքական գործոնով: Այնպես որ, ես բացարձակ որևէ վստահություն չունեմ իրենց հրապարակած տեղեկությունների նկատմամբ: Այն, որ Վահան Շիրխանյանը՝ որպես նախկին պաշտոնատար անձ, իր գործունեության հետ կապված խնդիրներ կունենար, դա առաձին քննարկման հարց է, բայց դա ամենևին հիմք չէ, որ այս քրեական գործով մենք մտածենք, որ մասնակից է նման մակարդակի գործողության: Այդ խմբի ղեկավարը հանդիսանում է Արթուր Վարդանյանը, և այդ խմբի կազմում Վահան Շիրխանյանն է, դա մի քիչ զարմանալի է»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ նման մեծ քանակի զենքի կուտակումը Երևանի կենտրոնական թաղամասում՝ իրավապահների աչքի առաջ, մի քիչ տարօրինակ է, հարց է ծագում, թե որքանով է դա հնարավոր: Տարօրինակ է նաև Շիրխանյանի և կաթոլիկ եկեղեցու ծայրագույն վարդապետի միջև կապը: «Արդեն կասկածներ են առաջ գալիս՝ արդյոք դա կազմակերպված է, մանավանդ որ հրապարակում են, որ մի քանի հարյուր համակիրներ ունեն: Այսինքն՝ խոսքը ոչ թե կազմակերպված խմբի մասին է, այլ մի ամբողջ շարժման մասին, որը մի քիչ անտրամաբանական է: Այնպես որ, ես շարունակում եմ պնդել, ելնելով անմեղության կանխավարկածից, որ պետությունը՝ հանձինս Ազգային անվտանգության ծառայության, պետք է հիմնավոր փաստարկներ ներկայացնի, որը կապացուցի, հանրության մոտ վստահություն կառաջացնի այդ զինված խմբավորման իրական գոյության մասին և նաև վստահություն կառաջացնի, որ նրանք իսկապես ծրագրավորել էին սպանություններ կատարել»,- ասաց նա:
Իրավապաշտպանը նկատեց, որ հայտարարություններ են տարածվում, թե Շիրխանյանը պետք է ապացուցի, որ ինքն անմեղ է: Դա ուղղակի արտառոց ու անթույալտրելի է. իրավապահ մարմինը պետք է հիմնավորի նրա մասնակցությունն այդ խմբավորման աշխատանքներին:
«Միանշանակ քաղաքական գործոնն այս քրեական գործում առկա է, դրանում փոքր-ինչ չեմ կասկածում, որովհետև իրավապահ մարմինների գործողությունները հայաստանյան իրականության մեջ պայմանավորված են քաղաքական նպատակահարմարությամբ և ոչ թե օրենքի տրամաբանությամբ: Այնպես որ, սպասենք իրադարձությունների զարգացմանը», ընդգծեց նա:
Աղբյուրը՝ lragir.am