Բաղրամյանում ինքնահրկիզում կատարած Ք. Գրիգորյանի գործով բողոքը վերաքննիչը մերժեց
15:36, May 22, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2017 թ. մայիսի 22-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանը լրագրողների հետ զրույցում Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել: Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցել: Որոշման դեմ Կազմակերպության բողոքը 2017 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ևս մերժել էր:
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությանը մասնակցում էին Կազմակերպության ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, վերահսկող դատախազ Վ. Պողոսյանը և վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը:
Դատարանը ներկայացրեց ստորադաս դատարանի որոշման բովանդակությունը և վերաքննիչ բողոքը, որից հետո բողոքի հիմնավորումները ներկայացրեց Տ. Սիրադեղյանը:
Մասնավորապես նշեց, որ ՄԻԱՎ վարակակիր լինելու մասով քրեական գործի հարուցումը մերժվել է արարքում սուբյեկտիվ կողմի բացակայության հիմնավորմամբ, մինչդեռ քրեական գործ հարուցելու փուլում պարզման ենթակա է միայն արարքի օբյեկտի և օբյեկտիվ կողմի առկայության հարցը: Եվ պնդեց, որ քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր քրեական գործ հարուցել, և տվյալ դեպքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է վերացման:
Ապա անդրադարձավ Ք. Գրիգորյանի՝ թմրամիջոց գործածող անձ լինելու մասին բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակմանը՝ նշելով, որ այդ մասով առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հանցակազմի առկայության կամ բացակայության հարցին: Եվ քանի որ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության հրապարակումը պետք է հիմք հանդիսանար քրեական գործ հարուցելու համար, իսկ դատարանը դրան չի անդրադարձել, դատարանի որոշումը ենթակա է բեկանման:
Այսպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց բեկանել ստորադաս դատարանի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանն ու վարույթն իրականացրած Կ. Խանումյանը առարկեցին բողոքի դեմ:
Վ. Պողոսյանը պնդեց, որ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակվել են ծառայողական և մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչն արդեն իսկ հանցակազմի հատկանիշները բացառող հանգամանք է: Ապա հավելեց, որ թմրամիջոց գործածող անձ լինելու մասին տեղեկությունների հրապարակման դիտավորություն Ն. Դավիդյանը չի ունեցել:
Քննիչ Կ. Խանումյանը ևս նշեց, որ տեղեկությունները հրապարակվել են հանրային շահից ելնելով, ինչը քրեորեն հետապնդելի արարք չէ:
Նախագահող դատավոր Մ. Արղամանյանը որոշ հարցեր ուղղեց դատավորության կողմերին, այնուհետև վերջիններս հանդես եկան ռեպլիկով:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը: