«Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գնահատականը»
15:50, February 23, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Մամլո հաղորդագրություններ, Նորություններ«Մեդիա Կենտրոն», Փետրվարի 20, 2015: Չնայած նրան, որ Լոռու տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) պատրաստակամություն են հայտնում համագործակցել հասարակական սեկտորի հետ, միևնույն է, ՏԻՄ-ի ենթակայության տակ գտնվող մի շարք ոլորտների խնդիրներ մնում են չլուծված. իրենց հակընդեմ կարծիքները հայտնեցին քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 20-ին Վանաձորում տեղի ունեցած քննարկմանը:
Անբարեկարգ ճանապարհներ, աղբահանություն, տրանսպորտ, սեփականության իրավունքի խախտումներ, ոչ ճիշտ վարչարարություն. սրանք այն խնդիրների շրջանակն է, որի մասին բարձրաձայնում են Վանաձորի հասարակական կազմակերպությունները:
Քննարկմանը մասնակցող Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը ասում է, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից կապված Վանաձորի ՏԻՄ-ի գործունեության հետ:
«Խնդիրները տաբեր են և վերաբերվում են սեփականության իրավունքի մասին տեղեկատվություն ստանալուն: Մի քանի դեպքեր ենք ունեցել, որ վիճարկել ենք Վանաձորի համայնքապետի որոշումները: Ավելի կոնկրետ եղել են համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքների նվիրվատվության հետ կապված հարցեր»,-ասում է Զալյանը:
Նա հավելում է, որ թե ՀԿ-ներին, թե բնակիչներին շատ է հուզում նաև աղբահանության և ձնամաքրման աշխատանքների հարցը:
«Ունենք լուրջ խնդիրներ կապված ճանապարհների վերանորոգման հետ: Համապատասխան աշխատանքներ իրականցնելու համար 11 թույլտվություն էր տրվել քաղաքապետարանի կողմից, որոնց ժամկետը ավարտվել է 2014- դեկտեմբերին, բայց մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել: Ընկերությունները ջրագծերը փոխում են, քանդում են ճանապարհները, հետո չեն բարեկարգում, թողում են այդպես քանդված: Ո՞վ պետք է պատասխան տա»-նշում է Զալյանը:
Ի պատասխան՝ Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության և տեղեկատվության աշխատակազմի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը ասում է, որ քաղաքի ջրագծերը փոխելու ծրագիրը իրականացնում է շինարարական ընկերություն և քաղաքապետարանը տալիս է ընդամենը թույլտվություն այդ աշխատանքների իրականացման համար:
«Այլ լծակներ և լիազորություններ քաղաքապետարանը չունի: Այդ աշխատանքները քաղաքապետարանի լիազորությունների ոլորտում չեն: Մենք էլ ենք շատ դժգոհ, որ մեզ դրել են երկընտրանքի առաջ՝ ասելով, որ կամ պետք ունենանք ջրամատակարում, կամ նորմալ ճանապարհներ: Առայժմ մեզ հավաստիացրել են, որ 2015-ի գարնանը կավարտվեն այդ վերանորոգման աշխատանքները: Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքներին, ապա 5 մլն դրամը այսօր շատ քիչ գումար է, որպեսզի կազմակերպությունները իրենց տեխնիկան հանեն անբարեկարգ փողոցներ և մաքրեն: Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում ձնամաքրման աշխատանքերի համար, բայց ոչ մեկ չի դիմում»,-նշում է Հովսեփյանը:
Մինչդեռ ՀԿ-ների ներկայացուցիչները շեշտում են, որ խնդիրը ոչ միայն ֆինանսատնտեսական է, այլև կազմակերպչական:
«Աղբահանություն չի կատարվում այգիներում: Երբ քաղաքապետարանը պայմանագիր է կնքում այդ այգիների սեփականատերերի հետ ու աղբահանություն չի կատարվում, քաղաքապետարանը ճնշող լծակներ, միջոցներ չի կիրառում այդ կազմակերպությունների նկատմամբ: Մեր քաղաքում կա նաև տրանսպորտի խնդիր: Երեկոյան ժամը ութից հետո շատ դժվար է տրանսպորտ գտնել, կարող է կանգնես 20 րոպե և ուղղակի տրանսպորտ չլինի, որ հասնես տուն: Հիմա պատկան մարմինը ի՞նչ վերահսկողություն է իրականացնում այս իրավիճակը փոխելու, կամ բարելավելու համար»,-ասում է քննարկման մասնակից Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչԱրտաշես Սերգոյանը:
Պատասխանելով ՀԿ-ների ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներին` ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ով ներկա էր քննարկմանը ասաց, որ ՀԿ-ների բարձրացրած բոլոր տեսակի հարցերը և խնդիրները կլինեն իրենց ուշադրության կենտրոնում:
«Այն հարցերը, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում, կարող եք ուղարկել մեր հասցեով և դրանց պատասխանները կլինեն: Մենք պատրաստակամ ենք միասին աշխատելու, միասին համագործակցելու, ձեր բարձրացրած խնդիրները մեր տեղեկատվական խողովակներով ի լուր բոլորին ներկայացնելու և միասին այդ հարցերի շուրջ լուծումներ փնտրելու համար»,-նշեց Գրիգորյանը:
Քննարկմանը ներկա «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Արթուր Սուքիասյանը կարևոր խնդիր է համարում նաև սխալ վարչարարության իրականացումը:
«Վարչական մարմինները դիմումներին և նամակներին տեղեկատվություն են տրամադրում զուտ ձևական պահանջը կատարելու համար: Պատասխանում են միայն պատասխանելու համար, և դրանք համապատասխան բովանդակություն չունեն: Ճիշտ վարչարարություն չի իրականացվում և այս մոտեցումը օրենքով չի պատժվում, օրենսդրական կարգավորման խնդիր կա այստեղ: Գյուղական համայնքներում հաճախ ընդհանրապես գրություններին չեն պատասխանում: Նման խնդիրների դեպքում մենք հիմնականում դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը և այդ ժամանակ գոնե պատասխանում են»,-ասում է Սուքիասյանը:
Վարչարարությունից անցում կատարելով Լոռու մարզի բնապահպանական խնդիրներին՝ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը նշում է, որ հասարակությունը շատ պասիվ է մասնակցում հանրային քննարկումներին և արտահայտում իր դիրքորոշումը:
«Այն տպավորությունն է, որ վերջին 2-3 տարում հասարակությունը պասիվացել է և նախաձեռնությունները շատ քիչ են երիտասարդության կողմից: Քանի անգամ շաբաթօրյակներ ենք հայտարարում, ոչ մեկ դուրս չի գալիս մասնակցելու»,-ասում է Դեմիրչյանը:
Տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչները բարձրացված խնդիրների հնարավոր լուծումը տեսնում են համայնքների խոշորացման ծրագրի իրականացման մեջ:
«Համայնքների խոշորացումը դեռ քննարկման ընթացքում է: Նախատեսվում է պիլոտային տարածքներում հանրաքվե սկսել, որ հաշվի առնվի բնակչության կարծիքը: Սա նպաստավոր է համայքների համար բյուջեի միավորման և այլնի իմաստով: Պետք է տարվեն բացատրական աշխատանքներ, հետո անցկացվի հանրաքվե»,-ասում է քննարկման մասնակից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայանը:
Նշենք, որ նախկինում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից մշակված համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը դեռ 2014-ին ներդրվել էր Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում: Քննարկվել է ծրագրի 2 մոդել` ծրագրային և վարչական: Առաջին մոդելը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի շրջանակներում, իսկ վարչական մոդելի ներդրման դեպքում խոշորացումը կատարվում է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակչության թվաքանակի և համատեղելիության: Ըստ այդմ՝մշակվել են թվով 14 համայնքային փնջեր:
Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության` տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը նշում է, որ այս տարի համայնքների խոշորացման փորձնական ծրագիր է ներդրվելու նաև Լոռու մարզում՝ Թումանյան քաղաքը և 6 գյուղական համայքները միավորելով: Այս տեսանկյունից Ղազարյանը ողջունելի է համարում կառավարության քայլերը:
«Այսօր պետության կողմից համայնքին հատկացված դոտացիան հազիվ հերիքում է գյուղապետարանի 4-5 հոգուց կազմված աշխատակազմի աշխատավարձին և չի բավարարում հայմանքի խնդիրների լուծմանը: Այս պայմաններում իմաստ ունի՞ աշխատակազմ պահելը, եթե նա իր բյուջեով չի կարողանում համայնքի խնդիրները լուծել: Այսօր նույն ձև գյուղական փոքր համայնքներում աղբահանության խնդիրը չի իրականացվում, կամ իրականացվում է շատ վատ»,-ասում է Ղազարյանը:
Նա նշում է, որ համայնքներում խոշորացման ծրագրի ներդրման դեպքում դիմադրություն կլինի բնակչության մոտ, բայց միևնույն է, այսպես չի կարող շարունակվել, քանի որ համայնքների խնդիրները մնում են չլուծված:
«Նման պայմաններում համայնքներում զարգացում չի կարող լինել: Խոշորացման հիմնական նպատակն է ծառայությունները ավելի մատչելի դարձնել, տնտեսել ֆինանսական միջոցները, որը կբերի ծառայությունների որակի բարձրացման»,-ընգծում է Ղազարյանը:
Նիկոլայ Գրիգորյանն էլ հավելում է, որ մինչև չիրականացվի համապատասխան իրազեկում, մինչև չկազմվեն միջազգային կազմակերպությունների հետ խոշորացման ծրագրերի հետագա զարգացումների պլանները և դրանց ֆինանսական հիմնավորումները, որևէ քայլ չի արվի:
«Դա մեր համայնքների զարգացման համար շատ էական քայլ է, ինչը մանրակրկիտ կմշակվի և այս տարի արդեն իսկ կսկսվեն դրա ուղղությամբ տարվող քայլերը»,-նշեց Գրիգորյանը:
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր–համակարգող: