«Իշխանությունները համարժեք պատասխան տվեցին Սամվել Բաբայանին»
21:24, March 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սամվել Բաբայանի ձերբակալումը քաղաքական հիմք ունի»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Նպատակն է Սամվել Բաբայանին՝ որպես ՕՐՕ դաշինքի աջակցի մեկուսացնել և պահել անազատության մեջ, որպեսզի ընդդիմալու, բողոքելու հնարավորությունները կանխեն»,-նշեց նա:
Իրավապաշտպանը տեղի ունեցածը Ջրառատի դեպքերի ուղղակի շարունակություն չի համարում, սակայն նկատում է. «Ջրառատի դեպքերի հետ տրամաբանական կապն այն է, որ դրանց վերաբերյալ Սամվել Բաբայանը շատ հստակ հայտարարեց, որ իշխանությունները համարժեք պատասխան ստանալու են, եթե շարունակեն բռնությունները և չկանխեն դրանք: Այսինքն, նման հայտարարությունից հետո իշխանությունները գնացին այն ճանապարհով, որ համարժեք պատասխան տվողը չլինի ազատության մեջ»:
Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե հնարավոր է նաև ՕՐՕ դաշինիքի առաջին համար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ձերբակալումը՝ Սաքունցը նշեց. «Դա նույն տրամաբանության մեջ է, քանի որ ըստ էության, մեկը որպես Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, մյուսը՝ Հայաստանի պաշտպանության նախարար աշխատած անձինք լինելով, բավականին լուրջ ուժ են իրենցից ներկայացնում, եթե հակադրվեին իշխանություններին: Բնականաբար իշխանությունները պետք է զգուշանային: Ինչպես միշտ նրանք օգտագործեցին ապօրինի մեթոդներ: Հակառակ պարագայում, եթե իշխանությունները ցանկանում էին գործել օրինական դաշտում, չպետք է թույլ տար ոչ Ջրառատի դեպքը, ոչ էլ նման ակնհայտ քաղաքական հետապնդման նպատակով մարդկանց ազատազրկեր»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին ձերբակալվել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանը:
Ավելի ուշ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնեց, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։