Եվրոպական բեւեռ է ստեղծվում
11:09, May 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Եվրոպական ուղի» նախաձեռնությունը, որը իր քննարկումները սկսել էր դեռ մարտից, երեկ «Հրազդան» հյուրանոցում անցկացրեց իր հերթական քննարկում-հանդիպումը: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ստեղծվել էր՝ արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական-հասարակական ուժերին ու քաղաքացիներին միավորելու համար:
Ընդ որում՝ նախաձեռնության հիմնական նպատակը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցման կասեցումն է: Օրեր առաջ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել: Երեկ «Հրազդան» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ կուսակցությունների ներկայացուցիչները:
Մեր զրույցում «Եվրոպական ուղի» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասաց, որ կար հստակ օրակարգ՝ երկիրը Մաքսային միության ճանապարհով չտանելու հարցը, ու իրենք դա քննարկել են. «Քննարկել ենք միասնական միավորում ստեղծելու ու դեպի ՄՄ ընթացքը կանգնեցնելու հարցը: Մասնակցում էին «Ազգային ինքնորոշում» միավորումը, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը եւ «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Ազատություն» կուսակցությունները: Կոնկրետ դիրքորոշումներ եղան, իսկ օրինակ «Ժառանգությունը» տեղեկացրեց, որ կքննարկեն նաեւ իրենց կուսակցության հետ»,- ասաց Սաքունցը: Մյուս կուսակցություններին հրավիրելու մասին մեր հարցին Սաքունցը պատասխանեց. «Հանդիպումը կազմակերպվել է այն ուժերի մասնակցությամբ, ովքեր հստակ դիրքորոշում ունեն ՄՄ-ի մասին: ՀԱԿ-ը, օրինակ, հստակ ասել է, որ այդ գործընթացը անշրջելի է, ինչո՞ւ հրավիրեինք, մյուս ուժերն էլ դեմ չեն եղել ՄՄ-ին»,- շեշտեց Սաքունցը: Նրա խոսքով, միայն ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն են հստակ դեմ արտահայտվել ՄՄ-ին ու կողմ եղել եվրաինտեգրմանը: Խոսելով իրենց հետագա քայլերի մասին` Սաքունցն ասաց, որ դեռ նախաձեռնող խումբը դա քննարկելու է, բայց պայքարի տարբեր միջոցների կիրառումը չի բացառում՝ այդ թվում եւ հանրահավաքային պայքարը: Ըստ իրավապաշտպանի, իրենք հանդիպման արդյունքները ամփոփելու են համատեղ հայտարարությամբ, որի վրա այժմ աշխատում են: Կողմերը, ըստ ամենայնի, կհանդիպեն նաեւ եկող շաբաթ: Արթուր Սաքունցը կարեւորեց այն, որ կա ձեւավորված օրակարգ, ու քննարկումները ավելի հեշտ են ընթանում ու մտածում են արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքացիներին մեկտեղ միավորելու մասին:
Մեր զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասաց. «Անձամբ ինձ համար ընդունելի է: Ես առաջիններից մեկն եմ, որ կոչ եմ արել` ասելով, որ կարիք կա եվրոպամետ ուժերի համատեղման ու արեւմտյան ուժերի միացման: Նման բեւեռը պակասում է մեր երկրին, որպես անհատ` ես այդ բեւեռում եմ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանի շահերից է բխում եվրաինտեգրումը:
Աղբյուրը՝ www.armtimes.com