Ինչ խնդիրներով են զորակոչիկները դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
09:45, June 24, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016 թ-ի ամառային զորակոչի ընթացքում կազմակերպություն է դիմել 10 զորակոչիկ` իրենց իրավունքների պաշտպանության հարցով: Բոլոր 10 զորակոչիկներն ունեն առողջական խնդիրներ, որոնց առկայության պայմաններում նրանք չեն կարող իրականացնել պատշաճ զինվորական ծառայություն:
Բոլոր զորակոչիկների խնդիրներով իրականացվել է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, եւ Կազմակերպության բժիշկ-փորձագետը կազմել է համապատասխան եզրակացություններ: Զորակոչիկներից 7-ին տրամադրվել է միայն բանավոր խորհրդատվություն, քանի որ անհրաժեշտ է եղել ձեռք բերել լրացուցիչ փաստաթղթեր, իսկ մյուս 3 զորակոչիկների հարցերով բժշկական եզրակացությունների հիման վրա կազմվել են համապատասխան գրություններ՝ ուղղված ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Բոլոր զորակոչիկների խնդիրների լուծումը դեռեւս ընթացքի մեջ է:
Ամառային զորակոչը, ըստ ՀՀ Նախագահի հրամանագրի, նախատեսված է մայիս–հուլիս ամիսներին:
Կազմակերպություն դիմած զորակոչիկներից մեկը, բացի առողջական խնդիրներից, ունեցել է նաեւ խնդիրներ՝ կապված ուսումը պատշաճ իրականացնելու հետ:
Եվ 2015 թ.-ի ձմեռային, և 2016թ. ամառային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա զորկոչիկին չեն թույլատրել շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բերած փաստարկների հիման վրա, որոնցով Կազմակերպությունը հիմնավորել է, որ զինկոմիսարիատի գրությամբ զորակոչիկի ուսումը շարունակելու արգելքն անօրինական է և չի բխում ՀՀ Սահմանադրությունից և իրավական այլ նորմերից, և տվյալ դեպքում ապօրինաբար խախտվել է զորակոչիկի մասնագիտական կրթության իրավունքը, զորակոչիկին թույլատրվել է մասնակցել քննություններին:
Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում:
Բոլոր այն զորակոչիկները, ովքեր համաձայն չեն իրենց առողջական վիճակի հետազոտման արդյունքներին, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հարկ է հիշեցնել, որ բոլոր անձինք իրավունք ունեն ստանալ իրենց առողջական վիճակի հետազոտման ակտերը եւ բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, որն ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով: