Զինծառայողի մահվան գործով ՊՆ հրամանատարի ձերբակալությունը «նորություն էր». Արթուր Սաքունց
23:30, October 23, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱդրբեջանի զինուժի կրակոցից հոկտեմբերի 10-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած եւ մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Մարգարյանի գործով նոր փաստեր ի հայտ եկան:
Հայտնի դարձավ, որ «Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաեւ մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը եւ այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերեւույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը»: Հենց այս կասկածանքով էլ (ՀՀ ՔՕ 376-րդ 2-րդ մաս) այսօր ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն:
Մեր տեղեկություններով, ինժեներական աշխատանքներն իրականացվել են սխալ վայրում, սխալ ժամին, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները, ինչի հետեւանքով էլ զինծառայողը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Բացի հարուցված քրեական գործից, այս դեպքից հետո նաեւ ծառայողական քննություն է նշանակվել: Մեր զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն դեռ շարունակվում է:
Ըստ որոշ գնահատականների՝ հրամանատարի ձերբակալությունն աննախադեպ է. բանն այն է, որ հազվադեպ են նման դեպքերում պատասխանատվության ենթարկում նաեւ հրամանատարական կազմին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Չապլին Մարգարյանի մահվան դեպքով հրամանատարի ձերբակալությունը «նորություն է»: Մեր զրույցում նա ասաց, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ թերություններ էին բացահայտվել՝ տեխնիկական միջոցների ապահովման, ռազմամթերքի, վառելիքի, սննդամթերքի, կապի միջոցների ոլորտում անվտանգության մատակարարման պատասխանտուների նկատմամբ քրեական գործեր չհարուցվեին, չնայած նրան, որ բավարար փաստեր առակա էին: «Սա իրապես նորություն է: Հույս ունեմ, որ սա միակ դեպքը չի լինի, երբ մեղադրանք կառաջադրվի հրամանատարական կազմից որեւէ մեկին»,-ասաց նա:
Բոլոր դեպքերում, դա կլինի սպանություն, ինքնասպանություն, հակառակորդի կրակոցից վիրավորվելու, թե մահանալու դեպքեր, բոլոր այդ գործերով պետք է հրամատարարների կողմից իրենց գործառույթների պարտականությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման հարցը քննության առարկա դառնա: Մենք նման դեպքերով միշտ միջնորդել ենք պատասխանատվության ենթարկել, բայց միշտ մերժում ենք ստացել»,- ասաց Սաքունցը:
Մեր հարցին, թե սա կարո՞ղ է նախադեպ լինել, որպեսզի հրամանատարական կազմն էլ ավելի ուշադիր լինի, իրավապաշտպանն ասաց, որ չի կարող սա հիմք ընդունել, որովհետեւ ՀՀ-ում ամեն ինչը տրամադրությունից է կախված կամ կոնկրետ ինչ-որ իրավիճակներից:
Իրավապաշտպանը չբացառեց, որ Չապլին Մարգարյանի դեպքով նախաքննության ավարտին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
Հ.Գ. Երկու տարի առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում էր իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել էին պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը: Հրազենային վիրավորումներ էին ստացել եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի քանի զինծառայող։
Այս դեպքից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց հետախուզական վաշտի հրամանատարին, որը կալանավորվեց: Պարզվել էր, որ «հետախուզական վաշտի հրամանատարը, կոչումով կապիտան, խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները: Նախնական քննության տվյալներով՝ կապիտանը դրսեւորել է անգործություն, չի իրականացրել եւ կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, ու դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ՝ շարունակել է նույն վարքագիծը, որպիսի պայմաններում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակման ենթարկել զինծառայողներին, ինչի հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ»։ Թե ինչ եղավ հետո, հրամանատարը դատապարտվեց, թե ոչ, չենք կարող ասել, քանի որ սույն գործով տեղեկատվությունը Դատական տեղեկատվական համակարգում սահմանափակված է: