«Երեխաները մահացել են. 3 տարին համարժեք պատիժ չէ». փաստաբանը՝ «բժշկուհու գործի» մասին
14:07, November 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կարինե ՀովհաննիսյանԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի, 3-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Դատարանն այսօր մերժեց տուժողներից Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի՝ պատժի մասով ներկայացրած բողոքը:
«Գտնում ենք, որ նշանակված պատիժը համարժեք չէ կատարված արարքներին, քանի որ երկու դրվագով էր քրեական գործ հարուցված: Կյանքի իրավունք է խախտվել՝ երեխաները մահացել են…այդ հանցագործությունների համար 3 տարի պատիժը չի բխում պատժի նպատակներից: Այդ 3 տարին անգամ սոցիալական արդարությունը վերականգնելու համար հիմք չի կարող հանդիսանալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Չատինյանը:
Այնուամենայնիվ, փաստաբանը կարծում է, որ վճռաբեկ բողոք կներկայացնի. «Այդ պատիժը չի կարող հանգեցնել պատժի նպատակների պատշաճ իրականացմանը: Օրենքի պահանջն է, որ երբ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո, պետությունը պարտավոր է գործողություններ իրականացնել՝ կյանքի իրավունքի պաշտպանության համար: Այդ իրավունքն արդեն իսկ խախտվել է, ուստի պետք է լինի համարժեք պատիժ, պատշաճ հետաքննություն, տրամադրվի համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման հարցին մենք այլ դատարանով կանդրադառնանք»: