ԴԱՀԿ ծառայության դեմ հայցի քննությունը հետաձգվեց
17:31, January 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. հունվարի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դարբինյանի, քննության առնվեց վարչական գործը՝ ըստ հայցի Անուշ Պողոսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Ա. Պողոսյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որի լիազորությունները հաստատվեցին դատարանի առջև: ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, դատական նիստի օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցված լինելով, չէր ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, ուստի՝ այն շարունակվեց վերջիններիս բացակայությամբ:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ հայցվոր կողմը նպատակ ունի կատարելու հայցի առարկայի փոփոխություն, որը չի հանգեցնի հայցի էության փոփոխության: Այնուհետև նշեց, որ հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված և արդեն իսկ ավարտված կատարողական վարույթն օրենքի ուժով չի կարող վերսկսվել, ուստի՝ տվյալ դեպքում կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերություններն օրենքի ուժով բացակայում են, և հղում կատարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Այսպիսով՝ խնդրեց թույլատրել կատարել հայցի առարկայի փոփոխություն և ճանաչել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի կողմից կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը:
Դատարանը փորձեց պարզել ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման կիրառելիությունը տվյալ դեպքում, որից հետո միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով հետաձգեց դատարան նիստը:
Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա 2017 թ. փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին: