Հիասթափված եմ. Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեցին իրենց քաղբանտարկյալ լինելուց
17:08, February 24, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ-Երեկ 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ Արման Թաթոյանը ստանձնեց ՀՀ 4-րդ ՄԻՊ պաշտոնը: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր դիտարկումները՝ հարցուպատասխանների վերաբերյալ, որոնք հնչեցին երեկ ԱԺ-ում, և Ձեր վերջին արձանագրումները:
-Նախ նշեմ անպատժելիության մասին. չեն անդրադառնում պատճառներին, որոնք հանգեցնում են անձեռնմխելի պաշտոնատար անձի ստիպողական հրաժարականին, որի մասին ինքը հրապարակավ հայտնում է: Դա հանցագործություն է: Այսինքն՝ մենք գործ ունենք հանցագործության կոծկման փաստի հետ: Խոսքը վերաբերում է 98թ. հանրապետության նախագահի հրաժարականին, երբ որ փաստորեն ԱԺ-ն՝ նույնիսկ իր քաղաքական մեծամասնությունը, չանդրադարձավ, թե վերջին հաշվով որոնք են հրաժարականի պատճառները: Նախկին Մարդու իրավունքների պաշտպանները նույնպես, եթբ որ հայտարարեցին հրաժարականի մասին, հրապարակավ ներկայացրեցին որոշակի մտահոգություններ, ընդհուպ մինչև սպառնալիքների մասին էին հայտնում: Եվ այն մարմինը, որ կոչվում է ԱԺ, ոչ միայն քաղաքական պատասխանատվություն ունի, այլ նաև իրավական համակարգի արդյունավետ գործունեության առումով պատասխանատվության ուղղակի խնդիր ունի, ցավոք սրտի, ուղղակի անտեսում է, այսինքն՝ մենք գործ ունենք հանցագործության անպատժելիության և, ըստ էության, խնդիրների կուտակման և ոչ թե խնդիրների լուծման հետ: Սա իրապես շատ ծանր բեռ է ոչ միայն այդ պաշտոններում փոխարինող կամ ընտրվող անձանց, այլ նաև հանրության համար:
96 կողմ քվեարկողների թվում են նաև նախկին քաղբանտարկյալներ, որոնք հրաժարվեցին իրենց քաղբանտարկյալ լինելու հանգամանքից:
-Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը:
-Այն, որ այսպես կոչված, հին սերնդի քաղբանտարկյալները հրաժարվել են, արդեն գիտեինք, որ հրաժարվել են մինչ հիմա՝ տարբեր քաղաքական նկատառումներից ելնելով, բայց ինձ համար շատ տարօրինակ է Ալեքսանդր Արզումանյանի և Նիկոլ Փաշինյանի կողմ քվեարկելը և նրանց պատճառաբանությունները:
Ի տարբերություն նույնիսկ ՀՀ նախագահի, որ այնուամենայնիվ, քաղաքական թիմի կազմում է և քաղաքական թիմի ներկայացուցիչ է, ՄԻՊ-ը անհատական ինստիտուտ է, անձով պայմանավորված ինստիտուտ է, և անձի դիրքորոշումը մարդու իրավունքների վերաբերյալ ուղղակի է և չի կարող տարածվել մեկ այլ աշխատակազմի կամ քաղաքական այլ ուժերի կամ մարմինների վրա: Այսինքն՝ պատասխանատվությունն անհատական է: Շատ տեղին էր, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց հնչեցրեց, թե ինչպիսին է ՄԻՊ թեկնածուի կարծիքը ընդհանրապես քաղբանտարկյալների փաստի վերաբերյալ, և ուղղակի պատասխան չենք ստանում, դա նշանակում է, որ այդ 96 կողմ քվեարկողները այդ պատասխանի բացակայությամբ երբ որ կողմ են քվերկում անձին, որը չի ճանաչում ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության փաստը՝ նույնիսկ նախորդ ժամանակահատվածում…
-Բայց ենթադրելի էր, չէ՞, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալը պետք է ունենա նման դիրքորոշում:
-Մենք գիտեինք, նորություն չէ, որ Արման Թաթոյանը, որպես կառավարության ներկայացուցիչ, որպես արդարադատության փոխնախարար՝ սահմնափակված է հենց քաղաքական իշխանության մոտեցումներով: Ես թեկնածուի մասին չեմ խոսում, ես քվեարկողների մասին եմ խոսում, խնդիրը վերաբերում է կողմ քվեարկողների դիրքորոշմանը, որովհետև, ըստ էության, պատասխանատվություն են վերցնում հետևյալի համար, որ ՄԻՊ հիմնական թեկնածուի կողմից, որը չի ճանաչում մինչև իր պաշտոնավարաման ժամանակաշրջանը ՀՀ քաղբանտարկյալների առկայության փաստը, դա նշանակում է, որ չի ճանաչում նաև կողմ քվեարկողներին՝ որպես քաղբանտարկյալներ: Այսինքն՝ ստացվում է, որ օրինակ, Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ Արման Թաթոյանը, իրապես որպես ՄԻՊ, չի ճանաչում իրեն որպես նախկին քաղբանտարկյալ, նույնը Ալեքսանդր Արզումանյանը: Մյուսների մասով ինձ համար խնդիր չկա, որովհետև նրանք վաղուց արդեն քաղաքական առևտրի առարկա են դարձրել քաղաքական բանտարկյալի և քաղաքական հետապնդման իրենց կենսագրության այդ մասը: Բայց երբ որ իրենց կենսագրության այդ հատվածի նկատմամբ պատասխանատվություն չկա… ՄԻՊ-ը չի ճանաչում, բայց, իհարկե, ես շարունակում եմ ճանաչել Նիկոլ Փաշինյանին և Ալեքսանդր Արզումանյանի՝ որպես քաղաքական գործիչներ և նախկին քաղաքական բանտարկյալներ:
-Դա պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքական դիրքորոշմաբ և այլն, դուք գործ ունեք այն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի՝ որպես քաղաքական գործիչի, որպես քաղբանտարկյալի հետ:
-Այստեղ խոսքը չափորոշիչի մասին է, երբ որ պատասխանատու անձը հրաժարվում է չափորոշիչներից՝ ԵԽԽՎ քաղաքական բանտարկյալների գնահատման 5 կետերից, որի համար կարծում եմ, Արման Թաթոյանը բավարար ունակություն ունի կիրառելու և գնահատելու, և կարող է դա լավ անել, բայց գիտակցաբար հրաժարվում է այդ կիրառումից և գնահատումից, այդ վարքագիծը, ըստ էության, ՄԻՊ-ի նահանջն է ՄԻՊ-ի չափորոշիչներից, և դա հավանություն է ստանում նախկին քաղբանտարկյալների կողմից, դա ինձ համար արդեն լուրջ մարտահրավեր է: