Ցուցարար Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել. վերաքննիչը բավարարեց բողոքը
13:00, February 24, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա.Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, հրապարակվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը:
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը, քննելով ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տ. Սիրադեղյանի՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ վերջինիս գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը, որոշեց վերաքննիչ բողոքը բավարարել և ՀՀ Վարչական դատարանի 2016 թվականի մարտի 2-ի վճիռը բեկանել ու փոփոխել:
Մասնավորապես՝ մերժեց Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցը և բավարարեց Տ. Սիրադեղյանի հակընդդեմ հայցը՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելով Տ. Սիրադեղյանի անձնական ազատության, անձեռնմխելիության իրավունքները խախտելու տեսանկյունից:
Դատարանը որոշեց ՀՀ Ոստիկանությունից հօգուտ Տ. Սիրադեղյանի բռնգանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հակընդդեմ հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ 10.000 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի կողմից հետաձգված պետական տուրքի գումար: